23/03/2010 11:14
Այսօր լրանում է Աղասի Այվազյանի 85-ամյակը
Մարտի 23-ը սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի (1925-2007թթ.) ծննդյան օրն է: Այսօր վարպետը կդառնար 85 տարեկան:
Հայաստանի գրողների միությունում` Աղասի Այվազյանի ծննդյան օրվա առթիվ, այսօր կայանալու է գրողի «Խորքի խորությունը» գրքի շնորհանդեսը:
Ինչպես Aysor-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Աղասի Այվազյանի կինը` Գրետա Վերդյանը, գրքում զետեղված պատմվածքներն ու վիպակները գրվել են Ա. Այվազյանի կյանքի վերջին տարում` 2007թ-ին, հիվանդության և վիրահատությունների ընթացքում:
Գ. Վերդյանը նշեց, որ Աղասի Այվազյանն իր ձեռքով է կազմել գիրքը, ենթադրելով, որ այն լույս կտեսնի պետպատվերի շրջանակներում, և երկու տարի գիրքը մնացել է առանց հրատարակության:
«Բոլոր ստեղծագործությունները անտիպ են, լույս են տեսնում առաջին անգամ»,- ընդգծեց Գրետա Վերդյանը, նշելով, որ «Խորքի խորություն» գիրքը լույս է տեսել հայերեն, սակայն, հնարավոր է, նաև ռուսերեն հրատարակություն լինի:
Նշենք, որ Աղասի Այվազյանը ծնվել է 1925 թվականին, Ախալցխայում (Վրաստան)։
Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստական ակադեմիայում, ավարտել է նաև Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ հետո, տեղափոխվելով Հայաստան, սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում:
Աղասի Այվազյանի գրական երկերի հիման վրա ստեղծվել են «Եռանկյունի» (1967թ.), «Հայրիկ» (1972թ.) և այլ ֆիլմեր։