23/03/2010 12:42
Կարպ Դոմբաևի 100-ամյակին նվիրված միջոցառում` Ազգային գրադարանում
Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Մաշտոցի անվան շքանշանակիր, կոմպոզիտոր Կարպ Դոմբաևի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում:
Կարապետ Սահակի Դոմբայանցը կամ Կարպ Սավելևիչ Դոմբաևը ծնվել է 1910թ.-ի մարտի 21-ին:
Ինչպես Aysor-ի հետ հեռախոսազրույցում նշեց միջոցառման համակարգող, Հայաստանի ազգային գրադարանի առաջատար մասնագետ, ջութակահար Լալա Ներսեսյանը, պրոֆեսոր Կարպ Դոմբաևը երկար տարիներ եղել է Երևանի Պետական Կոնսերվատորիայի փոխտնօրեն և պրոֆեսոր, նրա աշակերտներն այսօր ելույթներ են ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում և ընդգրկված են հանրահայտ երաժշտական համույթներում, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են:
«Ռուբեն Ահարոնյան, Անահիտ Ցիցիկյան, Ժան Տեր-Մերկերյան, Զարեհ Սահակյան, Չարչօղլյան… 100-ից ավելի աշակերտներ, ովքեր ամբողջ աշխարհում հայտնի են»,-ընդգծեց Լ. Ներսեսյանը:
Միջոցառման ժամանակ նախատեսված է կոմպոզիտորի կենսագրությանը նվիրված փաստագրական նյութերի հիման վրա նկարահանված տեսանյութի ցուցադրում, կատարումներով հադես կգան պրոֆեսորի աշակերտները:
Նշենք նաև, որ Կարպ Դոմբաևի 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա կգտնվեն վաստակաշատ պրոֆեսորի աշակերտները, ինչպես նաև Կարպ Դոմբաևի որդին: