ARM   RUS   ENG


«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից». Ամփոփվեցին արդյունքները

Հանրապետությունում իրականացված «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն ունի գոհացուցիչ արդյունքներ: Նման գնահատական տվեց ծրագիրն իրականացրած «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա»-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանն այսօր ծրագրի արդյունքներն ամփոփելիս` նշելով, որ 6 ամիս տեւած ծրագրի շրջանակներում լուսաբանվել են բազմաթիվ այնպիսի դատական գործեր, որոնց արդյունքում վերականգնվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների` պետական մարմինների կոմից ոտնահարված իրավունքները: «Այդ դատական գործերը հասարակությանը ներկայացնելով` մենք ցույց ենք տալիս, որ կան հաջողված դեպքեր, եւ մարդիկ պետք է ամեն պարագայում պաշտպանեն իրենց իրավունքները:

Եթե մեկ տնտեսվարող սուբյեկտի ոտնահարված իրավունքը վերականգնվում է, ապա մնացած գործարարներն էլ պետք է փորձեն պաշտպանել իրենց իրավունքը»,-ասաց Ա. Սաղաթելյանը: Նա կոչ արեց բոլոր տնտեսվարող սուբյեկտներին լինել ակտիվ եւ պայքարել իրենց իրավունքների համար: Ա. Սաղաթելյանի կարծիքով, հաջողված դատական գործերը հրապարակային ներկայացնելը մարդկանց գիտակցության վրա որոշակի ազդեցություն է թողնում:

«Մենք չենք գտնում, որ վաղն արթանանալու ենք եւ կոռուպցիայից զուրկ հասարակություն ենք ունենալու, բայց նման ծրագրերի շնորհիվ հնարավոր է դատական համակարգի հանդեպ մարդկանց մտածելակերպը փոխել»,-ավելացրեց Ա. Սաղաթելյանը: Նա նշեց, որ լրագրողների հետ կապը կպահպանեն եւ նրանց կողմից լուսաբանված գործերի մասին նյութերը կտեղադրվեն համապատասխան կայքում: Վերջում ծրագրի ընթացքում առավել ակտիվ լրագրողները` «Արմենպրես» լրատվական գործակալությունից, Հ2 հեռուստաընկերությունից, «Առավոտ» օրաթերթից, «Ա1+» էլեկտրոնային պարբերականից, պարգեւատրվեցին խրախուսական մրցանակներով:

Աննա Գզիրյան
Արմենպրես լրատվական գործակալություն, 23.03.10

 

17.04.2010, 15:46

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

,