02/06/2010 17:22
«Արարատից Սիոնը» շարունակում է գրավել աշխարհի հանդիսատեսին
«Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել շուրջ 1 ամիս առաջ` մայիսի 5-ին, աննախադեպ արդյունքներ է գրանցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ֆիլմի պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է «Վեմ մեդիա արվեստներ» ստուդիայի կողմից: Ֆիլմի հայաստանյան ցուցադրությունների հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Նշենք, որ ֆիլմը նախատեսվում էր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրել 2 շաբաթ. Նախատեսվում էր ցուցադրությունը երկարացնել այն պարագայում, եթե պահանջարկ գրանցվի: Մինչդեռ կինոթատրոնի հաղորդած տվյալների համաձայն` 1 ամսվա ընթացքում կինոթատրոն այցելած հանդիսատեսի 92 տոկոսը դիտել է «Արարատից Սիոն» ֆիլմը, 8 տոկոսը` մյուս ֆիլմերը` միասին վերցրած:
Հարկ է նշել, որ «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվելու են ֆիլմի ցուցադրությունները: Միևնույն ժամանակ այս նույն ժամանակահատվածում ֆիլմը հասցրել է լինել մի շարք միջազգայն կինոփառատոններում:
Ըստ Մեսրոպ քահանայի` ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում, որտեղ «Swansea Bay Film Festival» կինոփառատոնում ֆիլմին շնորհվել է «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը: Բացի այդ` ֆիլմն ընդգրկվել է «Globians World & Culture Documentary Film Festival» գերմանական հեղինակավոր կինոփառատոնի ֆիլմերի ընտրացանկում, ինչպես նաև` Մոսկվայի միջազգային 32-րդ կնոփառատոնում «Վավերագրական ֆիլմեր» անվանացանկում` որպես աշխարհում ճանաչման արժանացած կինոնկար:
«Հետաքրքրական է, որ Հայաստանյան արձագանքները անչափ խանդավառություն են առաջացրել Սփյուռքում. Լոնդոնյան ցուցադրությանը պարզապես տեղ չկար նստելու, և շատերը եկել էին Հայաստանից լուր առած»,- ընդգծեց Մեսրոպ քահանան:
Այս առիթով նա նշեց նաև, որ Մոսկվայում կինոարտադրության ոլորտի մի շարք հայ մասնագետներ համախմբվել են ֆիլմի շուրջ, և հնարավոր է, որ այն ռուսական վարձույթում հայտնվի, ինչը բացառիկ երևույթ է վավերագրական ֆիլմերի պարագայում: