25/06/2010 18:40
Արբիտրաժային դատարանը կայացրեց տարվա առաջին վճիռը
Այսօր ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանում հրապարակվեց 2010-ի ընթացքում առաջին վճիռը` դռնփակ: Ինչպես այսօր մի խումբ լրագրողների հայտնեցին արբիտրաժներն ու արբիտրաժային տրիբունալի նախագահ ընտրված Արմեն Ղազարյանը, տնտեսական վեճը ծագել էր ռեզիդենտ (տեղական ընկերության) և ոչ ռեզիդենտ (արտասահմանյան, այս դեպքում` ֆրանսիական ընկերության) կազմակերպությունների միջև: Հայցը բավարարվել էր մասնակիորեն:
Արբիտրաժ Արգամ Նազանյանը նշեց, որ ավելին մանրամասներ, թե ովքեր են եղել կողմերը կամ ստույգ ինչն է եղել վեճի խնդիրը, հրապարակել չեն կարող` ըստ սահմանված օրենքի:
Նշենք, որ Հայաստանում արբիտրաժային դատարանի մասին օրենքն ընդունվել է 2007 թ-ին: Մինչ օրս ընդհանուր առմամբ քննվել են շուրջ 10 գործեր` առավելապես վերջին 1 տարում:
Հայաստանի Հանրապետությունը 1998 թ-ին վավերացրել է 1958 թ-ին Նյու-Յորքում ընդունված Արբիտրաժային դատարանների վճիռների կատարման և փոխընդունելիության մասին կոնվենցիան, ըստ որի մի երկրի արբիտրաժի կայացրած վճիռները գործում են նաև մյուս երկրներում: Կոնվենցիան վավերացրել են ընդհանուր առմամբ ավելի քան 140 երկրներ: