20/07/2010 16:10
«Արբիտրաժային դատարանի մասին հասարակությունն իրազեկված չէ»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Արմեն Ոսկանյանը, խոսելով Արբիտրաժային դատարանի և Հայաստանում վերջինիս կայացման գործընթացի մասին, ասաց, որ արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և արբիտրաժային համաձայնության վրա:
«Անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից հնարավոր է վեճերի արդարացի լուծում ստանալ` առանց անհարկի ձգձգումների ու ծախսերի, որն Արբիտրաժային դատարանի գլխավոր նպատակն է: Այն մեծ տարածում ունի գործարարների միջև ծագած վեճերի պրակտիկայնում, որոնք ստեղծվել են գործարար սուբյեկտների կամ նրանց միավորող կազմակերպությունների կողմից»,- ասաց «G Partners» գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը:
Ըստ նրա` արբիտրաժային դատարանների առավելություններն ու առանձնահատկություններն են պետական դատարանների նկատմամբ այլընտրանքը` վեճերի լուծման մասանավոր համակարգի ներդրմամբ. «Կարևորվում է ժամանակի գործոնը` վեճի լուծումը հնարավորինս կարճ ժամկետներում: Կարևոր է նաև կողմերի ազատությունը` մշակելու վեճի լուծման եղանակները` սկսած կանոններից, արբիտրների ընտրությունից մինչև գործընթացի վայրի ընտրությունը: Արբիտրաժներն անկողմնակալ են և չեն ֆինանսավորվում որևէ պետական մարմնի կողմից, իսկ դա մեծ առավելություն է»,- նշեց Գրիգորյանը և ավելացրեց, որ կարևոր սկզբունք է նաև գաղտնիությունը:
«Կարևոր են 2009-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրերը, որոնց միջոցառումներից հատկանշական է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, այդ թվում` արբիտրաժային համակարգի կայացումն ու զարգացումը»,- ընդգծեց մասնագետը` հավելելով, որ ՀՀ-ում վերջինիս զարգացմանը օժանդակում է նաև Եվրամիությունը:
Մասնագետները տեղեկացրին նաև, որ արբիտրաժային ասպարեզում իրականացվում է 2 ծրագիր` բյուջետային աջակցություն դատաիրավական բարեփոխումներին և աջակցություն արդարադատության մատչելիությանը:
Մասնագետները նշեցին նաև, որ հասարակությունը բավարար չափով իրազեկված չէ արբիտրաժային դատարանների մասին. դատարանի 3 տարվա գործունեության ընթացքում ստացվել է ընդամենը 50 դիմում:
Նշենք, որ «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն» հիմնարկը հիմնադրվել է համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի դրույթների և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության որոշման: