ARM   RUS   ENG

Օրենսդրական նախաձեռնություններ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի, մի շարք այլ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նոր օրենքով կարգավորվում են ՀՀ ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, տուրքի սահմանման, դրա գանձման կարգը և պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Կառավարության հավանությունն է ստացել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը։ Օրենքը կարգավորում է ՀՀ աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու համար և այլն։

Գործադիրը հավանության է արժանացրել «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին» և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է։ Ակնկալվում է, որ փաթեթի ընդունման դեպքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման և հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառման առնչությամբ ծագած հարցերը։

Գործադրի հավանությունն ստացած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կարգավորման առարկան պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով ստացված արտոնությունների գումարներն են։ Ակնկալվում է, որ հարկ վճարողների համար կստեղծվեն պետության կողմից տրամադրվող արտոնություններից օգտվելու առավել ամբողջական հնարավորություններ։ ՀՀ վարչապետի առաջարկով օրենքի նախագծում կընդգրկվի և լուծում կստանա նաև «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում ծագած համանման խնդիրը։

Առաջարկելով լրացում կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում, կառավարությունը նախատեսում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում` պարտադիր նորմերի մեջ ներառել փոստային բաժանորդային պահարանների սպասարկումը։ Դրանով կապահովվի փոստային կապի ծառայություններից օգտվողների մեծ հասանելիությունը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը։

Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Ավագյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու առաջարկը, որով ուստարվա ընթացքում 180 ժամ և ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան փոխադրելու որոշման ընդունումը վերապահվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին։ Կառավարությունը նպատակահարմար է համարում այդ իրավասությամբ օժտել ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդին, և նախագիծն ընդունելի կհամարի այս առաջարկության ընդունման դեպքում։

Կառավարությունն անընդունելի է համարել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով հեղինակների կարծիքով փորձ է արվել վերացնել ՀՀ և Եվրոպական համայնքների օրենսդրական անհամապատասխանությունը։ Գործադիրը հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։

Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է անվճար ծննդօգնություն տրամադրել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայերին։ Այս դրույթը չի բխում ՀՀ սահմանադրության 14.1-ին հոդվածից, ուստի կառավարությունը դեմ է օրենքի նախագծին։

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

19.08.2010, 14:37

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |