ARM   RUS   ENG

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկոյան կժամանի Երևան

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Երևան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ:

Այցելության ընթացքում ՌԴ Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ:

Այցի շրջանակներում կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը, երկու երկրների նախագահները կքննարկեն Հայաստանում Ռուսաստանի խոշոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ մամուլի ասուլիսը:

ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
 

19.08.2010, 09:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |