ARM   RUS   ENG

Ո՞վ է Արգիճի գետի վտակի հունը փոխող և ապօրինի ՀԷԿ կառուցող դևը

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանցագործության մասին հաղորդագրություն համարվող այդ նամակում «Ժառանգությունը» պահանջում է քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի ապօրինի գործողությունների կապակցությամբ, ով փաստացի հետապնդման է ենթարկում Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը` փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց Ձոր հեռացնելու նախաձեռնության դեմ փետրվարի 19-ին բողոքի ակցիայի մասնակիցներին` ակցիայի կազմակերպիչներին բացահայտելու նպատակով:

«Այսօր` օգոստոսի 25-ին, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց` վերջին օրերին Մարտունու դատախազության և ոստիկանության քննիչների գործողությունների մասին, որոնք մեր կարծիքով ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական են, այլև պետք է անհապաղ արժանանան իրավական համարժեք գնահատականի:

Համաձայն տարածված տեղեկատվության` Մարտունու դատախազությունն այլևս բացահայտ հետապնդման է ենթարկում մասնավորապես Վերին Գետաշեն գյուղի բնակիչներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքների շրջանակներում հուլիսի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու միջոցով դեպի Վայոց Ձոր հեռացնելու նախաձեռնության և որպես բողոքի արտահայտություն` 4 ժամով փակել են Երևան-Մարտունի մայրուղին:

Դատախազությունը կազմել է 15 մարդկանց անունից բաղկացած ցանկ, ովքեր առանց ծանուցագրի արդեն հրավիրվել են դատախազություն և քննիչ Արթուր Մանուկյանի կողմից հարցաքննվել հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպիչների «բացահայտման» նպատակով: Դատախազության այս վերջին գործողություններից դեռևս երկու շաբաթ առաջ ոստիկանության մեկ այլ քննիչի` Հուսիկ Բաղդասարյանին է «հետաքրքրել» բողոքի ակցիայի կազմակերպիչի/կազմակերպիչների ինքնությունը, որի նպատակով նա կրկին «տեղացիներին հարցաքննել է, թե ով է բողոքի ակցիայի կազմակերպման հետևում կանգնած եղել» /Հետք/:

Սա անթույլատրելի դրսևորում է իրեն ժողովրդավարական և իրավական հռչակած մի երկրում, որի Սահմանադրությամբ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, պետությունը պարտավոր է ապահովել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը (հոդված 3), իսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (հոդված 5):

Թե’ դատախազության, թե’ ոստիկանության քննիչների նման անառողջ և նույնական հատաքրքրությունները վկայում են, որ նրանք երկուսն էլ ակնհայտ հրահանգ են ստացել ինչ-որ կենտրոնից` պարզել և պատժել բողոքի ակցիայի ակտիվիստներին, ըստ այդմ` ճնշել տարածաշրջանի 5 համայնքների` Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ և Վարդաշեն գյուղի բնակիչների արդարացի բողոքը: Դատախազության և ոստիկանության քննիչներին բողոքի ակցիայի կազմակերպիչների ինքությունը բացահայտել հրահագնած «կենտրոնի» բացահատումը էական է այն պատճառով, որ մինչև այժմ անհայտ է, թե ու՞մ է իրականում պատկանում անավարտ և ապօրինի այդ կառույց, որի միայն շինարարությունն իրականացրած ընկերությունն է հայտնի` «Զանգեզուր Էքսիմպ»:

Ինչպես հայտնի է հասարակական ընդվզման արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, որն անօրինական է համարել իրականացվող շինարարությունը: ՀԷԿ-ի անօրինական կառուցին նույնատիպ գնահատական է տվել նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրների հանձնաժողովը: Չնայած դրա արդյունքում ՀԷԿ-ի անօրինական շինարարությունը կասեցվեց, առայսօր հանրությունից խնամքով թաքցվել է կառույցի իրական սեփականատիրոջ անունը:

Այս խորապատկերին մեզ իրավունք ենք վերապահում կապ տեսնել չբացահայտված սեփականատիրոջ անպատժելիության և ոստիկանության ու դատախազության գործողությունների միջև: Եթե նրա անձը բացահայտված լիներ, իսկ կատարած արարքներն էլ` պատժված, դժվար թե դատախազության կամ ոստիկանության քննիչները այսպիսի շահագրգռություն ունենային պատժելու ՀՀ այն ակտիվ քաղաքացիներին, ովքեր տապալել են սեփականատիրոջ բիզնես-նախագիծը:

Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք.
1. քրեական գործ հարուցել դատախազության քննիչի գործողությունների կապակցությամբ և ապօրինի շինարարություն իրականացրած «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության դեմ,
2. բացահայտել, թե ու՞մ հրահանգով են դատախազության և ոստիկանության քննիչները փորձել պարզել բողոքի ակցիայի կազմակերպիչներին, դրանով իսկ` խախտել ՀՀ Սահմանադրությունը, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները,
3. իրականացված հետաքննության արդյունքում վերջապես հանրությանը հայտնի դարձնել, թե ո՞վ է Արգիճի գետի վտակի հունը փոխողը, 5 գյուղի բնակիչներին ջրի միակ աղբյուրից զրկողը և ապօրինի ՀԷԿ կառուցողը, ում անունը այդպես էլ չի տրվում»,-ասված է դատախազին հասցեագրված նամակում:

 

25.08.2010, 18:17

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |