ARM   RUS   ENG

Նոր մանրամասներ «Դիաբլո»-ի կրակոցների վերաբերյալ

Օգոստոսի 25-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ֆուչիկի փողոցի խաչմերուկում գտնվող «Դիաբլո» գիշերային ակումբի տարածքում կրակոցներ էին հնչել:

Ոստիկանության հաղորդմամբ` մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ակումբի ավտոկայանատեղում անկանոն կրակ էին արձակել, ինչի հետևանքով վնասվել էր 1988 թ. ծնված Աշոտ Չ.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրի զննությամբ «Կալաշնիկով» ինքնաձիգի 27 և «Մակարով» ատրճանակի 3 պարկուճներ էին հայտնաբերվել:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներից մեկին էր զանգահարել 1975 թ. ծնված Արայիկ Մ.-ն ու հայտնել, որ իր կողմից պահվող ինքնաձիգը, որից օգոստոսի 25-ին արձակվել էին կրակոցները, գտնվում է Հալաբյան փողոցի թիվ 28 շենքի բակում, երկաթյա չգործող կրպակում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաձիգ` պահունակով` առանց փամփուշտների:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 02.30-ին, դեռևս չպարզված ատրճանակից և նշված ինքնաձիգից կրակոցներն արձակել է Արայիկ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան, Աշոտ Չ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ նույն օրը կրակոցներ են եղել Երևանի Ազատության պողոտայում ու Արարատի մարզի Վեդի քաղաքում: Երկու դեպքում էլ մարդիկ են վիրավորվել:

27.08.2010, 17:48

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |