ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստը` կառավարությունում
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ հանդիպման արձանագրությունները:
Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Խոսելով տնտեսությունում անցած 7 ամիսների ընթացքում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճի մասին՝ նա նշել է, որ աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը, ինչի բացառությամբ վերականգնվում են ՀՀ տնտեսության մյուս ոլորտները:
Արդյունաբերությունում գրանցվել է 11.4 տոկոս աճ: Շուրջ 20 տոկոսանոց աճի ցուցանիշ են արձանագրել հանքարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մետաղագործությունն, ակնագործությունն ու ոսկերչությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունն ու քիմիան: Ծառայությունների ոլորտում նույնպես կա 6.1 տոկոս աճ: Ըստ կառավարության ղեկավարի` այդ ամենը նշանակում է, որ «մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: ՀՆԱ-ում ավելանում է ծառայությունների և արդյունաբերության տեսակարար կշիռը: Ինչ-որ առումով սա դրական ազդեցություն է թողնում հարկահավաքման վրա: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած բարելավվել է»:
Տնտեսությունում նկատվում է գործազրկության նվազում, իսկ աշխատավարձի աճի միտումները պահպանվում են թե’ մասնավոր և թե’ պետական հատվածներում: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2010 թվականի առաջին յոթ ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերի ցուցանիշները` փաստելով, որ դրանք գերազանցում են բյուջեով նախատեսվածն, ինչի արդյունքում հնարավոր կլինի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ:
Տնտեսության համար լուրջ մարտահրավեր է մնում գնաճը: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը պատասխանել է հոգաբաձուների խորհրդի անդամների հարցերին, որից հետո ՀԱՄՀ անդամներին են ներկայացվել համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումները:
ՀԱՄՀ 17-րդ նիստի օրակարգում ընդգրկված են Զբոսաշրջության հարավային առանցքի հատակագծի ծրագրային առաջարկը և կրթության ոլորտի հանձնաժողովի կողմից մշակված նախագիծը: Օրակարգում է նաև մրցունակության հիմնադրամի զեկույցը ընթացիկ ծրագրերի մասին, մասնավորապես`«Տաթևի վերածնունդ» ծրագրին վերաբերող հարցերը: Քննարկման կդրվի ազգային մրցունակության խթանմանն ուղղված ապագա ուղղությունների լայնամասշտաբ հետազոտության առաջարկը: Խորհուրդը կքննարկի մի շարք կազմակերպչական հարցեր, կհաստատվի հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամանակը:
28.08.2010, 15:39
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր