ARM   RUS   ENG

Ալիևի դուստրը ձեռք է բերել «Bank Silk Way»-ի վերահսկիչ փաթեթը

Անցյալ շաբաթ Ադրբեջանի «Bank Silk Way» բանկը 45 տոկոսով` 32,19 մլն մանաթով, մեծացրել է հիմնադիր կապիտալի չափը` դառնալով Ադրբեջանի ամենախոշոր 10 բանկերից մեկը: Բանկի կրկնակի կապիտալացումը կյանքի է կոչվել 9,99 մլն մանաթ արժողությամբ բաժնեմասերի էմիսիայի շրջանակում: Նոր բաժնեմասերի տեղադրումը սկսվել է հուլիսի 23-ին և տեղի է ունեցել մի քանի փուլերով:

Տեղեկացնելով այդ մասին` «Ազադլըգը» գրում է, որ ինչպես ենթադրվում էր, բաժնեմասերը ներարկվել են բանկի երկու հիմնական բաժնետերերի` Ադրբեջանի նախագահի կրտսեր դուստր Արզու Ալիևայի և «Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) ազգային ընկերության ղեկավարի տիկնոջ` Զարիֆա Համզաևայի կողմից: Այժմ նրանցից յուրաքանչյուրը տիրում է բանկի 35,6 տոկոսի` 11,5-ական մլն մանաթ կազմող ու վետոյի իրավունք տվող բաժնեմասի փաթեթին: Բանկի երրորդ բաժնետիրոջ` «Silk Way Airlines»-ի մասնաբաժինը 41,8 տոկոսից նվազել է 28,8 տոկոսի, ինչը ոչինչ էլ չի փոխում, քանի որ ավիաընկերությունը գտնվում է «Silk Way» հոլդինգի կազմում: Բանկը հրաժարվել է բաժնեմասերի կապիտալի կազմի փոփոխության մասին մեկնաբանություններից:

Բանկի հիմնադիր կապիտալի մեծացումը կատարվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում «Bank Silk Way»-ի (նախկին «Azal Bank» պետական բանկ) անօրինական սեփականաշնորհման մասին հադվածների հրապարակումներին զուգընթաց: Այդ հրապարակումները բուռն քննարկումներ էին առաջ բերել հանրության շրջանում, սակայն պաշտոնական կառույցներն ուշադրություն չեն դարձրել դրանց վրա:

31.08.2010, 18:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |