ARM   RUS   ENG

Ադրբեջանում գնաճը օլիգարխներին հարստացնելու քաղաքականության մաս է

Ադրբեջանի տնտեսությունը կուտակվել է օլիգարխ-պաշտոնյաների ձեռքում: Այստեղ տնտեսության կանոնների վրա հիմնված կանխատեսումներ անել հնարավոր չէ: Այդ մասին «Թուրանին» հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության պատգամավոր Փանահ Հուսեինը: «Ադրբեջանի տնտեսությունն ամբողջությամբ հիմնված է նավթի արդյունահանման և արտահանման վրա: Հում նավթի արդյունահանման ծավալներն այնքան մեծ են, որ ստվերային տնտեսության մակարդակը նավթի գործոնի հետ կապել հնարավոր չէ: Ադրբեջանում ստվերային տնտեսությունը կազմում է ընդհանուր տնտեսության 60 տոկոսը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ փոփոխություն է մտցրել Ադրբեջանի ստվերային տնտեսության մեջ: Աճել է հարկային և սոցիալական պաշտպանության հիմնադրամի գործոնը, և դա դարձել է ստվերային տնտեսության համեմատական նվազման պատճառ: Մյուս պատճառը ստվերային տնտեսության կենտրոնացումն է պաշտոնյա օլիգարխների ձեռքում, ինչի արդյունքում այդտեղ կտրուկ նվազել է բիզնեսի մարդկանց թիվը»,- կարծիք է հայտնել նա:

Փ.Հուսեինը Ադրբեջանի տնտեսությունը բնութագրում է որպես համակարգված կոռուպցիայի հասարակություն: Նրա հաշվարկներով, 2008 թ-ին համաշխարհային ճգնաժամ սկսվելուց հետո Ադրբեջանում հակառակ գործընթացներ են գրանցվում:

«Ըստ կանխատեսումների, 2013 թ-ից կենսամակարդակը կտրուկ անկում կապրի Ադրբեջանում, որովհետև այստեղ աշխարհից տարբերվող ներքին շուկա է գործում: Ամեն տեղ գներն անկում են ապրում, իսկ Ադրբեջանում դրանք շարունակում են աճել: Բոլոր ապրանքների, այդ թվում նաև` մթերային, գներն աճում են: Մարդկանց կենսամակարդը զգալիորեն ընկել է: Գնաճի շնորհիվ պաշտոնյա օլիգարխները էլ ավելի են հարստանում: Այս ամենը հետագայում կավարտվի աղետով և կշրջվի հենց իրենց` պաշտոնյա օլիգարխների դեմ»,- կանխատեսել է մուսավաթական պատգամավորը:
 

31.08.2010, 19:22

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |