ARM   RUS   ENG

Հաստատվել են աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշները

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 31-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Ֆինանսական կազմակերպությունների (բանկերի, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների) և հաշվետու թողարկողների կողմից աուդիտորական կազմակերպության ընտրության չափանիշները»:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ`լրացումներ և փոփոխություններ կատարվեցին «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում: Խորհուրդը փոփոխություններ կատարեց «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 3/03-ում:

Խորհուրդը վերաձևակերպեց «ԿԱՐՄԵՆ» արտադրական կոոպերատիվի գրավատան լիցենզիան և Արսեն Շահսուվարյանի փոխանակման կետի թիվ 726 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան:

Արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին «Փեթակ» ՍՊԸ-ին և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ի թիվ 7 մասնաճյուղին, «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա:

Խորհրդի որոշմամբ «Լոնդոն-Երևան ԿՕ» ԱՍՊԸ-ին լուծարման թույլտվություն տրվեց և ընկերության լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ուժը կորցրած ճանաչվեցին նաև «ԷՄ ՋԻ ՓԵՅ» ՓԲԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 6 և 10 լիցենզիաները և «ՍԹԱՐՎՈՒԴ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 095 լիցենզիան:
 

31.08.2010, 16:58

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |