ARM   RUS   ENG

Ֆորում` Լեհաստանի Կրինիցա քաղաքում

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպայի Տնտեսական Ֆորումը, որը հոբելյանական է:

20-րդ անգամ Կրինիցայում կհավաքվեն Եվրամիության եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների և այլոց բարձրագույն իշխանությունների, խոշորագույն ֆիրմաների ղեկավարները` քննարկելու Եվրոպային հուզող քաղաքական և տնտեսական խնդիրները:

Այս ֆորումի կենտրոնական նստաշրջաններից մեկը, որին տրվել է «կլոր սեղանի» հատուկ կարգավիճակ, ղեկավարում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Նստաշրջանին, որի անվանումն է` «Հարավային Կովկաս- ինչպես կազմակերպել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն», մասնակցում են Եվրամիության /Պիտեր Սեմնեբի, Տոմաշ Պոռեբա/, Ռուսաստանի /Պետ Դումա` Վլադիմիր Կոլեսնիկով/, Սլովակիայի /Ֆրանտիշեկ Միկլոշկո/ ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի պառլամենտների հայտնի ներկայացուցիչներ:

Հարավային Կովկասի երկրների անվտանգությանը նվիրված առաջին նստաշրջանը այս ֆորումում կայացել է 2009թ-ին: Աշոտ Գրիգորյանի կողմից, առաջին անգամ լայն քննարկման էր ներկայացվել «Հարավային Կովկասի նոր Կոնֆեդերացիայի» գաղափարը, որտեղ առաջարկվում էր մոտակա տասնամյակի ընթացքում սկսել համագործակցություն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև:

Համագործակցությունը վերածվելու էր ԵՄ-ին ասոցիացիվ, այնուհետև թեկնածու անդամ դառնալու և հետագայում Կոնֆեդերացիայի մակարդակի հասնելով ԵՄ իսկական անդամի կարգավիճակի:

Ասենք, որ Գրիգորյանի այս տեսությունը 2009թ-ի ֆորումից անմիջապես հետո տպագրվել է Վրաստանի ռուսալեզու մամուլում և տվել է իր առաջին արդյունքը. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին` առաջ ընկնելով գործընթացից և մի փոքր ձևափոխելով այն, լծվել է Ադրբեջանի հետ Կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարին:

Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարվա Հարավային Կովկասի շուրջ նստաշրջանների կարևոր նորությունը այն է, որ այս տարածաշրջանի անվտանգության խնդիրներին մասնակից դարձվում է ոչ թե Թուրքիան, այլ`Իրանը:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ընթացող բուռն գործընթացները, սպասվում է մասնակից երկրների ներկայացուցիչների բարձր լարվածությամբ ընթացող ելույթներ և լարված բանավեճեր: Նստաշրջանի աշխատանքի արդյունքների շուրջ ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը կտա ակտուալ տեղեկատվություն ֆորումի ընթացքում:
 

31.08.2010, 17:05

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |