ARM   RUS   ENG

Արտահանման ծավալների աճը երկու անգամ գերազանցել է ներմուծմանը

«Արդյունաբերության ոլորտն անցած 7 ամիսներին 11.4 տոկոսի աճ է արձանագրել։ Սա հատուկ քննարկման առարկա պետք է դառնա: Այն, որ արդյունաբերությունն է սկսել աճել նման տեմպերով, մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքում դրական փոփոխություններ են կատարվել»,- անդրադառնալով այս տարվա 1-7 ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշներին՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Անդրադառնալով անցած 1-7 ամիսների գրանցված արտահանման և ներմուծման ծավալների աճին՝  նա նշեց, որ արտահանման  ծավալների աճը երկու անգամ գերազանցել են ներմուծման ծավալների աճը։

Ըստ քաղաքական գործչի` ուրախալի է այն փաստը, որ պետբյուջեի եկամուտներն այս տարվա 7 ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 22 տոկոսով, իսկ այդ ցուցանիշը ավելին է, քան գրանցվել էր նախաճգնաժամային՝ 2008 թվականին, ինչը պատգամավորը լուրջ ցուցանիշ է համարում։

Գագիկ Մինասյանը նշեց, որ լրջորեն մտահոգում է գնաճի բարձր ցուցանիշը, որն այս տարվա 1-7 ամիսներին կազմել է 7.4 տոկոս։ Այնուհետև խորհրդարանականը հավելեց. «Մեր իշխանություններն ունեն բավականին լուրջ լծակներ՝ թույլ չտալու, որպեսզի գնաճն իր բնական վիճակից դուրս գա։ Ե’վ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և’ Կենտրոնական բանկը այնպես կանեն, որ գնաճը մնա կանխատեսելի ցուցանիշի շրջանակներում»,- նշեց նա։
 

31.08.2010, 18:34

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |