01/09/2010 16:55
Գիտելիքի օրը` Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում
Սեպտեմբերի 1-ի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այցելեց ԵՊՀ-ին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոց: Ինչպես բոլոր դպրոցներում ուսումնական տարվա առաջին օրը այստեղ ևս տոնական էր: Գագիկ Բեգլարյանը Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է, և այստեղ նրա ներկայությունը, ինչպես հայտարարեցին դպրոցում, տանտիրոջ իրավունքով է: Շնորհավորելով գիտելիքի և դպրության օրը քաղաքապետը նշեց. «Սեպտեմբերի 1-ը իսկապես ամենակարևոր տոներից է, քանի որ մեր երեխաների ապագան կապում ենք դպրոցի հետ, որի գլխավոր խորհրդանիշը, բոլոր ժամանակներում յուրաքանչյուրիս համար եղել է սեպտեմբերի 1-ը: Ամեն անգամ Երևանի քաղաքապետարանում ես մեծ հպարտությամբ եմ ընդունում և պատվոգրեր հանձնում օլիմպիադաներում հաղթած երեխաներին: Ես համոզված եմ, որ այս սերունդը լինելու է գիտելիքների ավելի մեծ պաշարով զինված սերունդ և անելու է այն ինչը, մենք, գուցե, չենք կարող անել: Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին և մաղթում, որ նրանք ձևավորեն պետության և պետականության արժեքը գնահատող քաղաքացիներ»:
Սահմանված նոր կարգի համաձայն` դպրոցի մանկավարժները երդվեցին, որից հետո սկվեց առաջին դասը, որին մասնակցեց նաև Գագիկ Բեգլարյանը: Քանի որ այս դպրոցի սաներին հատուկ է տրամաբանական մտածողությունը, քաղաքապետի առաջարկությամբ տեղում տրամաբանական խնդիրների վիկտորինա կազմակերպվեց` խնդիներն առաջադրեցին աշակերտները, լուծումներին ակտիվ մասնակցեց քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ա. Շահինյանի անվան դպրոցն այս տարի տոնում է հիմնադրման 45 ամյակը: Այստեղ սովորում են 7-12-րդ դասարանների աշակերտներ: Անկախ կրթական բարեփոխումներց դպրոցում տարիներ շարունակ կիրառվել է ավագ դպրոցի մոդելը: Անցյալ տարի ֆիզմաթցիները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ են ցուցաբերել:
Քաղաքապետը հարազատ դպրոց դատարկաձեռն չէր եկել, նա դպրոցին մագնիսական շախմատ-գրատախտակներ նվիրեց: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ քաղաքապետը տեղեկացրեց դպրոցաշինական աշխատանքների մասին, մեկ անգամ ևս ընդգծելով, որ այս տարի մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները կապահովվեն ջեռուցմամբ: Իր դպրոցական տարիների սեպտեմբերի 1-ի մասին լրագրողների հարցերին Գագիկ Բեգլարյանը պատասխանեց հաճույքով: «Մենք դպրոց էինք գալիս ոչ միայն ծնողների այլև տատիկ-պապիկների հետ, դպրոցում մեծ տոնախմբություն էր լինում, այժմյան շքեղություններն իհարկե չկային… Իմ առաջին սեպտեմբերի 1-ը ինձ համար հեքիաթային օր էր: Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ բոլորս դպրոց ենք մտել առանց հասկանալու, թե ինչու՞ ենք ուրախ և ու՞ր ենք եկել: Հետո արդեն տարիներ անց հասկանում ենք, որ առաջին դասարանից է սկսվում կյանքի դպրոցը, դա առաջին կարևոր քայլն է դեպի մեծ կյանք»: Դպրոցական չարաճճիություններ բոլորն են անում, լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ աշակերտ է եղել Գագիկ Բեգլարյանը. «Վատ աշակերտ չեմ եղել»,- ի պատասխան ասաց քաղաքապետը: Լրացնելով նրան, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը շարունակեց. «Քաղաքապետն ուղղակի համեստություն է անում, ֆիզմաթ դպրոցում սովորելու տարիներին նա կազմակերպիչ էր, լիդեր, ղեկավարելու կարողությունը նրա մոտ այն ժամանակ էլ հստակ զգացվում էր: Որպես աշակերտ, ինչու չէ, դասերից էլ է փախել, մասնակցել է նաև օլիմպիադաների, շատ լավ սովորող էր, նաև աշխույժ»: