ARM   RUS   ENG

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Երկրորդ ընթերցումով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արտակ Դավթյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որոշվեց հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը երաշխավորել ընդգրկելու սեպտեմբերի 14-16-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագծում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի, Սամվել Նիկոյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Պարոն Նռանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ապրանքների արտադրության դեմ: Հեղինակները խնդիր են դրել ապահովել ապօրինի գործունեություն իրականացնողների կողմից հասցված վնասի և կիրառվող պատժի համապատասխանությունը` մասնավորապես լիցենզավորում պահանջող գործունեության տեսակներով ապօրինի զբաղվելու դեպքում տուգանքի չափին զուգահեռ նաև լիցենզիայի դիմաց գանձվող պետական տուրքի չափով տուգանքի կիրառումը: Առաջարկվող փոփոխությամբ ապահովվում է համապատասխանությունը կեղծ ապրանքների պատրաստման և իրացման հոդվածի վերնագրի և բովանդակության միջև, սպառողներին խաբելու ձևերին է դասվում այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործումը:

Քննարկվեց նաև ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը առաջին ընթերցումով ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները թրաֆիկինգի, սեռական շահագործման, երեխաների առք ու վաճառքի և այլ հանցագործությունների հետ կապված մի շարք հարցեր կանոնակարգելու և հստակեցնելու նպատակ ունեն: Կառավարությունը գործող քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում առաջարկում է փոփոխություններ: 132.2 և 132.3 նոր հոդվածներով քրեականացվել են այնպիսի արարքներ, որոնց համար գործող օրենսգրքով պատժամիջոցներ չէին նախատեսվում:

ԱԺ պատգամավորները քննարկումների ընթացքում ներկայացրեցին մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա կառավարության ներկայացուցիչը խոստացավ լրամշակել օրինագիծը:

Քննարկված օրենսդրական փաթեթը և օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչև 30 և 60 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ:
 

01.09.2010, 17:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |