ARM   RUS   ENG

Orange-ի աջակցությամբ` համակարգչային կենտրոն Արմավիրում

Սեպտեմբերի առաջին օրն ու ուսումնական տարվա սկիզբն այս տարի Արմավիրի մարզի Շենիկ գյուղում նշանավորվեցին գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահի հիմնումով: Կենտրոնը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով` համայնքային զարգացման ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսուհետ Շենիկ գյուղի բնակիչները կկարողանան հաղորդակից լինել գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններին և մշտապես կապի մեջ լինել ամբողջ աշխարհի հետ:

Նշենք, որ նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն կտա ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր առաջնահերթություններից է ինտերնետը և կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Այս նպատակով և պատասխանատվությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցը` իր ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության արդեն մոտ 90%-ին, նաև հեռավոր գյուղական համայնքներում: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը, նոր ուսումնական տարվա առաջին օրը համակարգչային կենտրոնը պաշտոնապես բացելով, Շենիկ էր ժամանել նաև գյուղի դպրոցի համար անակնկալ նվերներով. գյուղի բոլոր առաջին դասարանցիները ստացան նվերներ Orange-ի կողմից` գեղեցիկ դպրոցական պայուսակներ, իսկ դպրոցի գրադարանը համալրվեց վերջին մեկ ամսվա ընթացքում Orange-ի աշխատակիցների կողմից հավաքված մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ:
 

01.09.2010, 18:47

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |