ARM   RUS   ENG

Պլատինին դեմ է կրկնապատկերների օգտագործմանը

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հետաքրքրող հարցերը բազմազան էին և ամենևին էլ չէին վերաբերում միայն ակադեմիայի կառուցման աշխատանքներին: ՈՒԵՖԱ-ի նախագահն ամեն օր չէ, որ Հայաստանում է, ուստի լրագրողները փորձում էին անձամբ նրանից ստանալ եվրոպական ֆուտբոլային ընտանիքին ու կյանքին հուզող շատ հարցերի պատասխանները:

ՈՒԵՖԱ-ի նախագահը հայտարարեց, որ Հայաստան է այցելել իր ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի հրավերով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակադեմիայի բացման արարողությանը ներկա լինելու համար: Նա ընդգծեց, որ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կշարունակվի, և այս կենտրոնում նոր ներդրումներ կկատարվեն: Պլատինին այդ մոտեցումը բացատրեց ՈՒԵՖԱ-ի քաղաքականությամբ, որը գործել է մինչև իր նախագահ դառնալը և, անշուշտ, կգործի նաև իրենից հետո:

Միշել Պլատինին ավելացրեց նաև, որ դեմ է կրկնապատկերների օգտագործմանը ֆուտբոլում, քանի որ այս խաղը պետք է մարդկային մնա, այլ ոչ թե վերածվի ավտոմատի: Բացի այդ, տեսախցիկների տեղադրումը խաղադաշտերում ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում: ՈՒԵՖԱ-ի նախագահը չի պատկերացնում, էթե Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում ինչպես կարող են այդքան տեխնիկա գնել և տեղադրել: Նույնիսկ եթե միջոցներ լինեն, Պլատինին գերադասում է դրանք տրամադրել ազգային ֆեդերացիաներին` նոր մարզադաշտեր կառուցելու և ոչ թե տեսախցիկներ գնելու համար:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Շախտյոր»` ՈՒԵՖԱ-ի նախագահը շեշտեց, որ ֆուտբոլիստի համար փոխհատուցում պետք է ստանան բոլոր այն ակումբները, որոնք մարզել են նրան: Իսկ «Փյունիկը» պետք է համերաշխության գումար ստանա «Շախտյորից»: Ի դեպ, «Փյունիկը» գումարներ պետք է ակնկալի նաև «Մետալուրգից», քանի որ, որքանով տեղյակ ենք, Հենրիխ Մխիթարյանն առանց որևէ փոխհատուցման է հեռացել Հայաստանի չեմպիոնի կազմից և ընդգրկվել դոնեցկյան թիմում:

01.09.2010, 20:02

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |