ARM   RUS   ENG

Այս տարի օձի խայթոցից 2 մարդ է մահացել

Այս տարի օձի խայթոցից 75 մարդ է տուժել, 73-ը առողջացել է, սակայն Կոտայքի մարզի Գառնի գյուղում և Սյունիքի մարզում տուժածներին չեն կարողացել փրկել:

Առողջապահության նախարարությունից Aysor-ի հետ զրույցում նշեցին, որ տեղյակ չեն, թե Գառնի գյուղում պատահած դեպքից հետո դատական գործը ինչ ընթացք է ունեցել: Մահացու խայթոցից հետո հայրը դատական գործ էր հարուցել որդուն ժամանակին և ըստ ամենայնի չապաքինելու համար, որի արդյունքում պատանին մահացել էր:

Ինչ վերաբերում է Սյունիքի Ագարակ համայքնում գրանցված մահվան դեպքին, ապա աղբյուրը նշեց, որ օձը խայթել էր երակի վրա, թույնը արագ էր տարածվել և չնայած բժիշկների ջանքերին` տուժածի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Նշենք, որ 125 օձի խայթոցի դեպք գրանցել է 2008 թ.-ին, 110 դեպք` 2009 թ.-ին:

«Չնայած այս տարի ավելի շոգ եղանակներ էին, սակայն ամառը ուշ է սկսվել և առաջին խայթոցը գրանցվել է ապրիլի 28-ին, սովորաբար արձանագրվում էր ապրիլի սկզբներին: Հուսանք, որ սեպտեմբերին օձի խայթոցի դեպքեր չենք ունենա, փորձը ցույց է տալիս, որ այս ամսին դեպքեր քիչ են լինում»,- շեշտեցին Առողջապահության նախարարությունից:

Հավելնք, որ Հայաստանում գրանցված է 21 տեսակի օձ, որից 4 է վտանգավոր` 3 իժի տեսակ և գյուրզան, սակայն այս տարվա խայթոցներից մի քանիսը գրանցվել են այլ տեսակի օձերից, իսկ թե օձերի ո՞ր տեսակներն են խայթել, աղբյուրը դժվարացավ պատասխանել` նման վիճակագրություն չկա:

Ինչ վերաբերում է օձի հակաթույնին` հակագյուզինին, ապա աղբյուրը վստահեցրեց, որ բոլոր բուժհաստատությունները ապահովված են դեղորայքով, որը ներկրվում է Ուզբեկստանից:

Նախարարությունից փաստեցին, որ խայթոցի դեպքերը Արարատի մարզում ավելի շատ են, քան Տավուշի մարզում` այդ համամասնությամբ էլ բուժամիջոցը բաժանվում է:
Նշենք, որ 2010 թ.-ին օձի խայթոցի ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում՝ 19 դեպք, Արմավիրի մարզում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 13, և Սյունիքի մարզում՝ 10 դեպք։ 5-ական դեպք գրանցվել է Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերում, 3 դեպք՝ Երևանում, 1 դեպք՝ Վայոց ձորում։ Օձի խայթոցի ոչ մի դեպք չի գրանցվել Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։
 

01.09.2010, 18:24

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |