ARM   RUS   ENG

«Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»

«Այս օրը հայոց տոն է, որի մեջ կա ուրիշ քաղցրություն, ուրիշ բարձր իմաստ` մեր հողերի աստիճանական հավաքում, մեր հողերի հավաքման պատմական գործընթացի սկիզբ, այս օրը մենք ապացուցեցինք նաև, որ կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»,- հայտարարեց քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ Ա. Մանասյանի` Արցախի անկախության հռչակումը պատմական ակտ է, որը հետագայում դառնալու է հայոց քաղաքական պատմության ամենանշանակալից իրադարձություններից մեկը: Նա համոզված է նաև, որ Արցախի հերոսամարտի հաղթանակով և անկախության հռչակմամբ` հայ մարդը փոխել է իր մենթալիտետը, հոգեկերտվածքը:

Անկախության օրվա մասին խոսելով` քաղաքագետը վերադարձավ պատմական ակունքներին ու հիշեցրեց, որ չնայած 1989 թ-ի դեկտեմբերի 1-ի` Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշմանը, Հայաստանը 1991 թ-ին հռչակեց իր անկախությունը` առանց Արցախի: Տարիների հեռվից նայելով` Ա. Մանասյանը գտնում է, որ «այդ քայլի արդյունքները մենք մինչ օրս զգում ենք, մինչդեռ հնարավոր էր Արցախի հիմնահարցը անկախությունից հետո այլ կերպ` ճիշտ կերպ դնել»:

Փոխարենը` Ա. Մանասյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է հայտարարեր, որ Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է ադրբեջանական հանրապետությանը չպատկանող տարածքում, ինչի դեպքում համաշխարհային հանրությունը Արցախի անկախությունը չէր դիտարկի` որպես Ադրբեջանից անջատվելու փորձ:

«Արևմուտքն է սանձազերձել ղարաբաղյան պատերազմը` ճանաչելով ադրբեջանական հանրապետությունը` իրեն չպատկանող տարածքով»,- ընդգծեց քաղաքագետն ու հավելեց, որ Հայաստանին առ այսօր չի հաջողվել աշխարհին ներկայացնել Արցախի հիմնահարցի իրավական ու քաղաքական ճշմարտությունը, ինչի հաջողման դեպքում` կփոխվի նաև հակամարտության կերպարը:
 

02.09.2010, 18:39

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |