ARM   RUS   ENG

Արցախը նշում է Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը

Այսօր Արցախը նշում է Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու եւ սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը:

Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական եւ թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները, ասված է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում:

 

02.09.2010, 09:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |