ARM   RUS   ENG

Երևանում տեղի կունենան «Զրույցներ Թուրքիայի մասին»

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը` Ստամբուլի «Գլոբալ քաղաքական միտումներ կենտրոնի» (GPoT) հետ մեկտեղ և ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի արդի մշակութային, պատմական, քաղաքական և սոցիալական կառույցները ներառող դասախոսությունների շարք հայ և թուրք լրագրողների համար: Թուրքիային նվիրված դասախոսություների շարքը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին, ժամը 14:00, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում: Միջոցառման բացման արարողությանը կհաջորդի թուրք փորձագետների` Զաֆեր Յորուքի և Բեհլուլ Օզքանի, միացյալ դասախոսությունը, որը վերագրված է` «Թուրքիայի ներքին քաղաքականության հիմունքները. Մեխանիզմներ, իշխանություն, կուսակցական համակարգ»:

Սեպտեմբերի 2-ից 5-ը 15 հայ լրատվական գործակալությունների, հեռուստա, ռադիո, տպագիր և ինտերնետային մամուլի լրագրողները հնարավորություն կունենան ունկնդրել թուրք փորձագետների կողմից վարվող Թուրքիային նվիրված տասը թեմատիկ դասախոսություններ:

Զաֆեր Յորուքը Իզմիրի Տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ և քաղաքագիտության դասախոս է: Իր հետազոտական հետաքրքրությունները ներառում են ինքնիշխանության, հոգեվերլուծության և դատողական վերլուծության խնդիրները: Բեհլուլ Օզքանը արտաքին քաղաքականության դասախոս է Ստամբուլի Բողազիչի համալսարանում: Իր հետազոտական հետաքրքրությունները ներառում են Հյուսիսային Կովկասում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը:

Սեպտեմբերի 20-22-ը հայ փորձագետներ Հեղինե Մանասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը կմեկնեն Ստամբուլ 15 թուրք լրագրողների համար Հայաստանին նվիրված նմանատիպ դասախոսություններ կարդալու նպատակով:

Ինչպես հայտնում են Եվրասիա համագործակցության հանրային կապերի բաժնից, դասախոսությունների նպատակն է բարձրացնել երկու երկրների լրագրողների տեղեկացվածությունը մյուս երկրի մասին, ինչը կապահովի հայ-թուրքական հարաբերությունների ավելի անաչառ լուսաբանում: Այս դասախոսությունների շարքը ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասն է, որը հետապնդում է հայ և թուրք հասարակական, բիզնես և լրատվական հատվածների միջև կապերի և փոխհամաձայնության հաստատման նպատակը: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը 2005 թվականից իրականացնում է հայ-թուրքական նախաձեռնություններ` խթանելու հայերի և թուրքերի համագործակցությունը` օգնելով նրանց աջակցել պետությանը երկու երկրների միջև հարաբերություններ կառուցելու գործում:
 

02.09.2010, 10:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |