ARM   RUS   ENG

Օլիմպիական չեմպիոնների եզրափակիչ հավաքը` Ջերմուկում

Սեպտեմբերի 1-ին համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը Ջերմուկում իր եզրափակիչ հավաքն սկսեց Խանտի Մանսիյսկում անցկացվելիք շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայից առաջ: Ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ Ջերմուկում ավելի քան երկու շաբաթ պարապմունքներ կանցկացնեն հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը: Բացակայում է միայն թիմի առաջատար Լևոն Արոնյանը, ով այս օրերին գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքում և մասնակցելու է «Մեծ սաղավարտի» մրցաշարի կարևորագույն փուլին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ջերմուկում Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Անաստասյանի գլխավորությամբ իրենց հավաքն են անցկացնում նաև մեր ուժեղագույն շախմատիստուհիները: Հիշեցնենք, որ թիմը Խանտի Մանսիյսկ կմեկնի հետևյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան:
 

02.09.2010, 12:33

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |