ARM   RUS   ENG

Քրեական գործեր` Սևանա լճի մաքրման չարաշահումների առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկացմամբ` մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաև այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա` 2006-2008թթ. ընթացքում հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվել «Ուայդ Գեյթ», 2009թ. «Տրի Գրեն»և «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերությունները:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ստուգումների համաձայն՝ «Տրի Գրեն», «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերությունների կատարած աշխատանքները չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրին, այսինքն` տեխնիկական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել համապատասխանաբար 86,5 և 331 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման և տեղափոխման աշխատանքներ: Իսկ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննությունե ՓԲ ընկերության տնօրենը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին փաստացի հանձնված անտառանյութի խիտ զանգվածի քանակությունը ներկայացված կատարողական ակտերի տվյալներին չհամադրելով, հաստատել է «Տրի Գրեն»ՍՊ ընկերության կողմից Նորատուսի և Սևանի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ. սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր և «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերության կողմից Մարտունու, Վարդենիսի տեղամասերում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ 2009թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կատարողական ակտերը:

«Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության կողմից չեն մաքրվել ջրածածկ անտառատնկարկների շուրջ 35 հա տարածք և տեխնիկակական բնութագրի չափորոշիչներից պակաս են կատարվել 795,7 խմ անտառանյութի խիտ զանգվածի կտրման, մաքրման, տեսակավորման և տեղափոխման աշխատանքներ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետն առանց առարկայական և փաստաթղթային համադրություններ կատարելու, հաստատել է պայմանագրերով ամրագրված աշխատանքների կատարման վերաբերյալ կազմված կեղծ կատարողական ակտերը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետն էլ, առանց պատշաճ հսկողություն իրականացնելու և կատարողական ակտերի իսկությունը ստուգելու, հաստատել է 2006թ. հուլիս, հոկտեմբեր, դեկտեմբեր, 2007թ. սեպտեմբեր հոկտեմբեր, դեկտեմբեր և 2008թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների եզրակացություններն այն մասին, որ «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերությունը կատարել է պայմանագրերով նախատեսված աշխատանքները: Արդյունքում՝ կազմված հանձնման– ընդունման արձանագրություններով աշխատանքներն ընդունվել են ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ և 315-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
 

02.09.2010, 18:17

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |