ARM   RUS   ENG

Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞

«ՄԱԿ-ում կարծում են, որ լավագույն տարբերակը փախստականներին իրենց նախկին բնավայրեր վերադարձնելն է: Ես կոչ եմ անում շահումյանցիներին, գետաշենցիներին, կիրովաբադցիներին և բաքվեցիներին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց հարազատ բնակավայրերը, դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրեգորի Այվազյանն ու հավելեց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակը ճանաչել է հայ փախստականների վերադառնալու իրավունքը:

Գ. Այվազյանը հայտնեց, որ դիմել է ՄԱԿ-ի փախստականների գծով հայաստանյան գրասենյակ և Մինսկի խմբի համանախագահող երկրներ` խնդրելով կազմակերպել հայ փախստականների վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ: Ըստ նրա` Ադրբեջանի ղեկավարության տակ գտնվող իրենց բնակավայրեր շատ հայազգի փախստականներ են ցանկանում վերադառնալ:

Ավելին` Գ. Այվազյանը նշեց, որ եթե վերադառնալու մասին իր պահանջն ու կամքը կատարի Ադրբեջանի ղեկավարությունը, ապա վերադառնալով Ադրբեջան` նա կհասցնի նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:

«Եթե Ադրբեջանը մերժի մեր պահանջը, ապա ստիպված կլինի փոխհատուցել մեր կրած նյութական ու բարոյական վնասները»,- ընդգծեց Գ. Այվազյանը` հստակեցնելով, որ այն կկազմի շուրջ 100 մլրդ դոլար, որը «ստիպված կլինեն մարել Ալիևի թոռները»:

 

02.09.2010, 19:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |