ARM   RUS   ENG

Օրական 0.5, թե 1/3 ձու. «Մեխը` սղաճն է»

«Ի վերջո, մեխը` սղաճն է»,- այսօր ասուլիսում, խոսելով թանկացումների մասին, հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը և ներկայացրեց «դետեկտիվային մի քանի փաստեր»,- «2009 հոկտեմբերի 28-ին Ֆինանսների նախարարը հայտարարում է, որ 2010 թ-ին սղաճը կլինի 3 %, սղաճը բյուջեում դրվում է 4 %±1.5 %, այսինքն` 2.5-5.5 %, խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահը 2010 թ. մարտի 22-ին ասաց` «սղաճը կապահովվի», 15 օրից հետո վարչապետը հայտարարեց, որ սղաճը 2010 թ-ին լինելու է 7 %, մայիսի 19-ին ԱՄՀ հանձնաժողովի ղեկավարը հայտարարում է, որ 6 % կլինի, հունիսի 8-ին ԿԲ խորհուրդն ասում է, որ կխստացնեն դրամավարակային քաղաքականությունը և սղաճը կիջնի, օգոստոսին սղաճը կազմել է 1.3 %»:

Փորձագետը հայտնեց, որ իր հաշվարկներով այս տարվա առաջին 6 ամսվա սղաճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 7.3 %. «Եվ դա դեռ չգիտենք ոնց է շարունակվելու»:

Հ. Մեսրոբյանը նշեց, որ սղաճի թվերը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով են տատանվում, մինչդեռ սպառողական զամբյուղում օրական կես հավի ձու են հաշվարկում, իսկ Համաշխարհային բանկի տվյալներով, մարդն օրական սպառում է 1/3 ձու. «Ճշտությունը դեղատան ճշտություն է, մինչդեռ լուրջ պետական թվերի դեպքում` ոչ»:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե ոչ մի պետություն և ոչ մի տնտեսություն չունի իրական գործիքներ սղաճը չափելու համար:

«Տնտեսության մեջ ցանկացած փոփոխություններ բերում են սղաճի փոփոխության: Բացառված չի, որ 8 %-ով կամ 3 %-ով ավարտենք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով սպառողական զամբյուղի իրական մեծություններին, Հ. Մեսրոբյանը նկատեց, որ այսօր սպառողական զամբյուղի արժեքը պաշտոնապես հայտարարված է 41052 դրամ, Համաշխարհային բանկն ասում է 33060 դրամ, սակայն իրականում սպառողականը 65 հզ. դրամից պակաս չէ, իսկ պարենայինը` 42-45 հզ. դրամ է:

02.09.2010, 16:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |