ARM   RUS   ENG

Ռուսաստանը և Ադրբեջանը կքննարկեն ԼՂ խնդիրը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարվելիք այցի շրջանակներում, որը մեկնարկում է այսօր, կողմերը կքննարկեն տարածաշրջանային խնդիներ և կստորագրեն պետական սահմանի մասին պայմանագիր:

Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյին` քննարկման գլխավոր թեմաները կլինեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Կասպից տարածաշրջանում միջազգային համագործակցությունը, երկու երկրների միջև ռազմատեխնիկական գործակցությունը և, հնարավոր է, Իրանի խնդիրը:

Հատկանշական է, որ Բաքվում ԼՂ հակամարտության շուրջ քննարկումներ կընթանան այսօր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

02.09.2010, 10:04

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |