ARM   RUS   ENG

Տեղի կունենա «Սայաթ-Նովայի բառ ու բանք» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա թեհրանահայ Վարդգես Զարգարյանի «Սայաթ-Նովայի բառ ու բանք» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային գրադարանից:
Աշխատությունը ներկայացնում է Սայաթ-Նովայի 27 ձայնագրված (նոտագրված) բանաստեղծությունների բարբառային տարրերի, օտար բառերի, ինչպես նաև դարձվածքների և արտահայտությունների բացատրությունները, որոնց համար հեղինակը հիմք է ընդունել աշուղի կյանքի և ստեղծագործելու ժամանակաշրջանին հատուկ լեզվամտածողության առանձնահատկությունները: Նա նշում է, որ գիրքը գրելու պատճառն այն է, որպեսզի Սայաթ-Նովայի երգերի բառերի բուն իմաստը ընկալելի լինի լսարանի համար:

«Ձեռքի տակ ունենալով հուսալի աղբյուրներ, կարճ ժամանակահատվածում առանձնացրի հավելյալ բացատրությունների կարիք ունեցող բարբառային տարրերը, օտար բառերը, ինչպես նաև դարձվածքներն ու արտահայտությունները, որին հետևեց նախ դրանց համարակալման, ապա նաև` ստուգաբանման աշխատանքը: Կային բառեր, որոնց մասին գոյություն ունեցող մեկնաբանությունները համոզիչ չէին թվում: Ավելին, կային իրարամերժ ու հակասական բացատրություններ, որոնց թվին կարելի էր դասել թամամ-դաս, ուրուշքարով (իր շըքարով), աթամի զաթ, մահանգ, շահրադել բառերը»,-առաջաբանում գրել է Վ.Զարգարյանը:

Ներկայացնելով Սայաթ-Նովայի օգտագործած արտահայտչաձևերի մասին տարբեր բառարաններում, ինչպես նաև հայերեն և օտարալեզու գրականության մեջ գոյություն ունեցող բացատրությունները, Վ.Զարգարյանը բառիմաստների ընտրությունը թողնում է բանասերներին և ընթերցողին: Գիրքը լույս է տեսել 2009թ. Թեհրանում:

Վ.Զարգարյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, 1939թ.: Ուսում ստանալու նպատակով 1958թ. տեղափոխվել է Թեհրան: Մասնագիտությամբ ճարտարագետ է, մասնակցել է Իրանում օդորակիչ սարքավորումների նախագծման աշխատանքներին:
 

02.09.2010, 13:21

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |