ARM   RUS   ENG

Միջոցառումների շարք` նվիրված Տիգրան Մեծին

Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակի կապակցությամբ` Աշխարհի հայ նկարիչների միությունը` Արարատյան հայրապետական թեմի, Գեղագիտության ազգային կենտրոնի և Ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպում են միջոցառումների շարք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանը:

Այսպիսով` միջոցառումների մեկնարկը տրվելու է երկու ցուցահանդես-մրցույթով: Առաջին ցուցահանդեսին, որին կարող են մասնակցել միայն պրոֆեսիոնալ նկարիչները, ներկայացվելու են տարբեր ոճերով ու թեմաներով աշխատանքներ: Ցուցահանդեսին մասնակցության հայտ ներկայացնել ցանկացողները կարող են հոկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթի պայմանների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող ենք ստանալ www.qahana.am կայքից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Երկրորդ ցուցահանդեսը լինելու է մանկական: Ցուցադրվելու է Գեղագիտության ազգային կենտրոնում և ներկայացնելու է Տիգրան Մեծին` մանուկների տեսանկյունից: Մրցույթին մասնակցել կարող են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ու Ջավախքի մանուկ նկարիչները:

Նշենք նաև, որ երկու ցուցահանդես-մրցույթներին ներկայացվելիք նկարները նախապես ընտրվելու են ժյուրի կողմից: Լավագույնները կպարգևատրվեն` պրոֆեսիոնալ նկարիչները` Սուրենյանցի անվան հուշամեդալով, իսկ մանուկները` խրախուսական նվերներով:

Ղ. Միրզոյանի տեղեկացմամբ` միջոցառումների շարքում նախատեսված է նաև «Տիգրան Մեծ» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև` դասախոսություն արքայի մասին: Սրանից բացի` ցուցահանդեսների արդյունքում լույս են տեսնելու 2 պատկերազարդ գրքեր:

Առաջին գիրքը ներառելու է Ազգային պատկերասրահում ցուցադրված նկարիչների աշխատանքները, ինչպես նաև` տեղեկություն Տիգրան Մեծի մասին` հեղինակավոր գիտնականների ուսումնասիրություններ, Տիգրան Մեծին նվիրված օպերաներից հատվածներ, աշխարհահռչակ հեղինակների հոդվածներ ու ստեղծագործություններ և այլ:

Երկրորդ գիրքը ներառելու է մանկական ցուցահանդեսում ներկայացված նկարները, ինչպես նաև` մանուկների համար մատչելի տեղեկություն Տիգրան Մեծի մասին:
 

02.09.2010, 17:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |