ARM   RUS   ENG

Ջովաննի Տրապատոնի. «Առաջին խաղերը միշտ էլ ծանր են լինում»

Երեկ երեկոյան Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Երևան` Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի հետ «Հանրապետական» մարզադաշտում մրցակցելու համար: Այսօր նույն մարզադաշտի մամուլի ասուլիսների դահլիճում իռլանդական ընտրանու գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ նրա` չնայած Իռլանդիայի ընտրանին խմբում ֆավորիտ է, այդուհանդերձ, չի կարող ասել, թե իրադարձություններն ինչպիսի ընթացք կունենան խաղադաշտում տեխնիկապես գրագետ և արագաշարժ այնպիսի թիմի հետ խաղում, ինչպիսին Հայաստանի հավաքականն է:

«Անձրևոտ Իռլանդիայից հետո, պետք է խոստովանել, Երևանում լավ եղանակ է,- ասաց Ջովաննի Տրապատոնին:- Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում վաղը մրցակցելու ենք Հայաստանի ընտրանու հետ, իսկ դուք գիտեք, որ առաջին հանդիպումները հոգեբանորեն սովորաբար միշտ էլ դժվար են լինում: Բայց պետք է շեշտենք նաև, որ առաջին խաղերի դրական արդյունքը միշտ էլ շատ կարևոր է, քանզի վստահություն է հաղորդում ֆուտբոլիստներին:

Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը` դիտելով նրա մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումների տեսագրություններ: Ընտրական անցած փուլում հայ ֆուտբոլիստները լավ արդյունք արձանագրեցին: Հայաստանի ընտրանին լավ թիմ է, տեխնիկապես գրագետ և արագ է գործում, ունի ընդգծված մենթալիտետ:

Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ անպարտելի թիմեր չկան: Մենք նախորդ ընտրական փուլն էլ էինք սկսել հաղթելու տրամադրվածությամբ, բայց սա խաղ է, և երբեք չես կարող ասել, թե վերջնարդյունքում ինչ կստացվի: Ոչ ոք ի վիճակի չէ գուշակել, թե վաղն իրադարձություններն ինչպիսի ընթացք կստանան խաղադաշտում: Ես համարում եմ, որ այս խմբում ֆավորիտը մենք ենք, բայց դա ասում եմ, որովհետև այդ թիմի մարզիչն եմ: Անշուշտ, ծանր խումբ է, ծանր մրցակիցներ կան` Ռուսաստան, Սլովակիա, Մակեդոնիա, Հայաստան…

Այո, ուսումնասիրել եմ Հայաստանի հավաքականի խաղը, բայց դա հնարավորություն չի տալիս` կանխատեսելու վաղվա հանդիպման ընթացքը: Խաղը բաղկացած է դրվագներից, կարող ես գրոհել 20 րոպե, հոգնել ու կանգնել` մրցակցին թույլատրելով ավելի անկաշկանդ գործել: Հնարավոր է, որ իռլանդացիները վաղը խաղադաշտում իրենց ավելի ազատ կզգան: Ընդհանրապես` մրցակիցներին երբեք չեմ տարանջատել ուժեղ և թույլ թիմերի, այլ ուսումնասիրել եմ նրանց թույլ կողմերն ու օգուտ քաղել դրանցից»:

02.09.2010, 19:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |