Վարդան Մինասյան. «Առաջին հերթին պետք է լավ խաղ պահանջենք»
Վաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնարկի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Իռլանդիայի ընտրանուն: Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
- Նախ կուզեի բոլորիդ շնորհավորել թե ֆուտբոլի ազգային ակադեմիայի բացման, թե Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկի առթիվ,- ասաց նա:- Ինչ վերաբերվում է հավաքականին, պետք է ասեմ, որ մենք խնդիրներ ունենք, որոնք կապված են ձախ եզրի հետ: Հիմնական կազմի երկու պաշտպանները բացակայում են. Աղվան Մկրտչյանը վնասվածք է ստացել, իսկ Լևոն Հայրապետյանն ակումբ չունի, և նպատակահարմար չէ, որ նա հիմա խաղա ազգային հավաքականում: Չկա նաև ձախ եզրային կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Ցավեր էր զգում Դավիթ Մանոյանը, բայց արդեն երեկ մարզվեց թիմի հետ և հիմա լիարժեք պատրաստ է: Մյուսները, ովքեր հիմա իմ տրամադրության տակ են, կարևորը` վնասվածք չունեն, ֆունկցիոնալ լավ վիճակում են: Արդեն կողմնորոշվել եմ, թե ովքեր են խաղալու ձախ թևում: Ձախ եզրային պաշտպանի պարտականությունները կկատարի Արտակ Եդիգարյանը: Ուզբեկստանի հավաքականի հետ ստուգողական խաղում նա այդ դիրքում արդեն հանդես է եկել: Բացի այդ, համապատասխան փորձ է կուտակել նաև «Փյունիկի» կազմում: Ձախ կիսապաշտպանի դիրքում 99 տոկոսով կխաղա Էդգար Մալաքյանը:
- Գո՞հ եք կոնկրետ խաղին նախապատրաստության ընթացքից, ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:
- Այո: Այժմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թե պահվածքը, թե աշխատանքը պարապմունքների ընթացքում ինձ բավարարում են: Երեկ «Հանրապետականում» 20 րոպեանոց երկկողմանի խաղ անցկացրեցինք, և տպավորությունը դրական է:
- Ինչպե՞ս կգնահատեք Իռլանդիայի հավաքականին:
- Գիտեք, այդ թիմի մասնակցությամբ երկու խաղի տեսագրություն դիտել եմ: Վերջինն Արգենտինայի ընտրանու հետ հանդիպումն էր: Ոչ մի նոր բան չտեսա: Այն առումով, որ պարզապես հաստատվեցին իմ ունեցած տպավորությունները: Շատ բարձրակարգ, ագրեսիվ թիմ է, գործում է բրիտանական խաղաոճով: Իռլանդացիները պայքարող ժողովուրդ են, և այդ երկրի հավաքականն էլ է այդպիսին է: Իռլանդիայի հավաքականը համալրված է բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հիմա պետք չէ համեմատել երիտասարդական ու ազգային թիմերի հանդիպումները: Դրանք միանգամայն այլ մակարդակներ են: Իռլանդիայի ազգային ընտրանու բոլոր խաղացողները խաղում են անգլիական Պրեմիեր լիգայում: Դա շատ ուժեղ թիմ է, որն իր հզորությունը ցուցադրեց արգենտինացիների հետ հանդիպման երկրորդ կեսում: Իռլանդացիները շատ բարձր տեմպ հաղորդեցին խաղին:
- Հայաստանի հավաքականի համար ո՞րն է ընտրական այս փուլի հիմնական խնդիրը:
- Մենք խնդիր ենք դրել կայացնել սերնդափոխություն ապրած մեր հավաքականը: Պետք է ստեղծենք մարտունակ թիմ, և ոչ մի մրցակից չպետք է մտածի, որ Հայաստանի ընտրանու հետ խաղերում իրենց համար հեշտ է լինելու: Երիտասարդ խաղացողները մինչև 21 տարեկանների հավաքականում հանդես գալու փորձ ունեն, սակայն սա ուրիշ բան է: Հիմա նրանց այլ մակարդակի փորձ է պետք: Այսօր շատ են խոսում արդյունքի մասին, բայց առաջին հերթին մենք հավաքականից լավ խաղ պետք է պահանջենք: Դա, իհարկե, չի նշանակում, թե չենք ձգտելու արդյունքի: Աշխատելու ենք, որ հնարավորինս արագ հաջողությունների հասնենք: Եվ, անկախ մրցակցից, միշտ խաղալու ենք հաղթանակի նշանաբանով:
- Ճիշտ է` ազգային և երիտասարդական հավաքականները կարգով տարբերվում են, բայց նույնն են մարտավարությունը, խաղաոճերը: Հայաստանի և Իռլանդիայի երիտասարդական հավաքականների երևանյան հանդիպումից առաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հայտարարեց, որ խնդիրը մրցակցի կիսադաշտում եզրերում մամլիչ գործողությունների կիրառման միջոցով իռլանդացիներին սեփական զենքից զրկելն է: Ըստ Ձեզ` մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ինչի՞ շնորհիվ վաղը կկարողանան հաղթել իռլանդացիներին:
- Անկեղծ ասած` հասկանալի պատճառներով հիմա չեմ ուզում խոսել մեր թիմի մարտավարության մասին: Ես մի բան կարող եմ ասել. նման հանդիպումներում բարձր կենտրոնացում է պահանջվում ողջ հանդիպման ընթացքում: Բացի այդ, շատ քիչ է լինում, երբ որևէ դրվագում կարողանում ես թվային գերակշռություն ստանալ: Բոլոր դրվագներում քեզ հետ միշտ մրցակից կա, որը շատ համախումբ է գործում: Ուստի անհրաժեշտ է արագ և ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Եվ եթե նույնիսկ մեկ վայրկյան ժամանակ հատկացնես հակառակորդին, որը բարձրակարգ է, այդ սխալդ նա հաստատ կօգտագործի:
02.09.2010, 17:34
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր