«Ընդերքի մասին» օրենսգիրքը հավանություն է ստացել
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն։ «Մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքը և առաջարկել է իր մոտ ևս մեկ քննարկում անցկացնել և գալ ընդհանուր հայտարարի։
Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի կողմից։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ արդարադատության նախարարության ակադեմիայի մասին» օրենքի և ևս չորս ՀՀ օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է միացնել երկրում գործող դատական դպրոցն ու դատախազական դպրոցը և ստեղծել մեկ միասնական դպրոց, որի նպատակն է լինելու դատական ատյանների և դատախազության համակարգի համալրումը մասնագիտորեն պատրաստված կադրերով։
Իր նիստում կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը մշակվել է` նպատակ ունենալով օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները և ունենալ հետագայում ևս միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրով կարգավորելու իրավական հիմք։
Կառավարության որոշմամբ անհետաձգելի են համարվել աղբահանությանը և սանիտարական մաքրմանը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքին վերաբերող տասը օրինագծերը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
03.09.2010, 14:20
Aysor.am
Գլխավոր