ARM   RUS   ENG

Թուրքիայի նախագահությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանին չի օգնելու

Ադրբեջանական մամուլի այն հրճվանքը, թե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում սեպտեմբերին Թուրքիայի նախագահությունը հնարավորություն է տալիս միջազգային այդ կառույցում հակահայկական բանաձևեր անցկացնել, զուրկ է որևէ հիմնավորումներից, քանի որ նախագահությունը և Գլխավոր ասամբլեայի նիստին բանաձևի քննարկումն առանձին գործընթացներ են: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Բանախոսը նշեց, որ Գլխավոր ասամբլեայում որևէ հակահայկական բանաձևի ընդունում չի կարող հիմք հանդիսանալ, որ որևէ նման բանաձև ընդունվի նաև Անվտանգության Խորհրդի կողմից:

Ըստ փորձագետի` նման հրապարակումներով ադրբեջանական մամուլը` որպես քարոզչական տեխնոլոգիա, ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Թուրքիայի օգնությամբ նրանք կարող են հասնել որևէ արդյունքների:

«Գլխավոր Ասամբլեան և Անվտանգության խորհուրդն ունեն իրենց հստակ լիազորությունները, և նրանցից ոչ մեկը չի կարող վերցնել ցանկացած հարց`ցանկացած պետության ցանկությամբ»,- պարզաբանեց փորձագետը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի մեջ որևէ հղում կամ խնդրանք չկա` Անվտանգության Խորհրդին դիմելու համար:

«Անվտանգության խորհուրդը չի կարող ինքնին անդրադառնալ այդ հարցին: Այդ կառույցը հստակ գիտակցում է, որ կողմերը դիմել են վեճերի խաղաղ լուծման ընթացակարգին, որը ենթադրում է, որ վեճը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- պարզաբանեց փորձագետը:

Ըստ բանախոսի, եթե ԱԽ-ն սկսի զբաղվել Ղարաբաղյան հիմնահարցով, ապա առնվազն տեղի կունենա երկու միջազգային իրավական վեճերի կարգավորման մեխանիզմների «դուբլյաժ», ինչը կհանգեցնի ոչ բարենպաստ հետևանքների, և խնդիր կստեղծվի միջազգային անվտանգության և խաղաղության համար:

Խոսելով Անվտանգության Խորհդրում Թուրքիայի նախագահության մասին` Վ. Վարդանյանն ասաց, որ դրանով այդ երկրի ներկայացուցչի լիազորությունները չեն աճի, քանի որ մշտական անդամ չէ: «Իհարկե, որոշ ընթացակարգային առավելություններ կարող է ստանալ, ինչը ևս քիչ հավանական է»,- ասաց նա`:
 

03.09.2010, 18:05

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |