ARM   RUS   ENG

Հ1-ի նոր եթերաշրջանում` լուրջ փոփոխություններ ու հաղորդումներ

Սեպտեմբերի 21-ից Հանրային հեռուստաընկերությունն սկսում է իր նոր եթերաշրջանը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուսառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նոր եթերաշրջանում ավելի շատ նախապատվությունը տալու են ոչ թե սերիալներին կամ շոու ծրագրերին, այլ` «լուրջ հաղորդումներին»:

Նա տեղեկացրեց նաև, որ լինելու են նոր լրատվական-վերլուծական, քաղաքական ծրագրեր. ««Հայլուր» լրատվականը թարմացնելու է իր տաղավարը, ընդլայնելու թղթակցական կետերը, իսկ «Հայլուրի» փոխտնօրենը լինելու է Գևորգ Ալթունյանը»:

Հանրային հեռուստատեսությունը, ըստ Ա. Հարությունյանի, շարունակելու է գեղարվեսատական ֆիլմերի արտադրությունը: Նոր եթերաշրջանում լինելու է նաև հայոց պատմությանը և անհատներին նվիրված դոկումենտալ ֆիլմերի շարք: Մշակույթի նախարարության հետ համատեղ` տարվա ընթացքում նախատեսված է նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպում, որոնցից է, օրինակ, Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված միջոցառումը և այլն:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն իր հերթին ասաց, որ Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանում կլինեն նորություններ և փոփոխություններ:

«Հիմնականում, պահպանվելու են օրենքով սահմանված բոլոր ռադիոհաղորդումները` մանկական, երաժշտական, մշակութային, վերլուծական, լրատվական: Իսկ առհասարակ` լինելու են նաև նորություններ ու ծրագրեր»,- ընդգծեց Ա. Ամիրյանը:
 

07.09.2010, 19:16

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |