ARM   RUS   ENG

ԿԳՆ-ի ուսերից մեծ բեռ է ընկել. շուրջ 3000 ուսուցիչ չի կրճատվել

«Ուսումնական տարին մեկնարկեց այնպես, ինչպես պետք է մեկնարկեր` իր բոլոր անհանգստություններով ու նախապատրաստական բուռն աշխատանքով»,- հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով այս ուսումնական տարվա համար կատարված և կատարվելիք աշխատանքները:

Ա. Աշոտյանի խոսքերով` թեպետ այս տարի աշակերտերի թիվն անկում է ապրել մեր հանրակրթական դպրոցներում` Կառավարությանը հաջողվել է խուսափել կրճատումներից: Նա նշեց, որ եթե կառավարությունը հարցին մոտենար միայն նորմատիվային պահանջներով` մենք կունենայինք մոտավորապես 3000 կրճատված ուսուցիչներ:

«Այսօր մենք կարողացանք խուսափել զանգվածային կրճատումներից, և սա համարում եմ ամենամեծ քարը, որ ընկել է մեր ուսերից այս ուսումնական տարվա նախաշեմին»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:

Բացի այդ, նախարարը նշեց, որ հաջողվել է դպրոցներին ապահովել համապատասխան դասագրքերով` բացառությամբ ավագ դպրոցի համար նախատեսված մեկ դասագրքի, որը հրատարակվել է փոքր տպաքանակով:

«Ուզում եմ հիշեցնել, որ առաջին 4 դասարանների դասագրքերն անվճար են և ապահովվում են պետության կողմից բոլոր աշակերտների համար ու, եթե կլինեն դպրոցներ, որտեղ կփորձեն այդ դասագրքերի համար գումարներ գանձել, այդ դպրոցների տնօրենները խստիվ կպատժվեն»,- ամփոփելով իր խոսքը` նշեց Ա. Աշոտյանը:
 

07.09.2010, 14:59

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |