ARM   RUS   ENG

Համակարգչային վերապատրաստման կենտրոն` Ոստիկանության ակադեմիայում

Այսօր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան Երևանում` ՀՀ ոստիկանության ակադեմիայում բացեցին համակարգչային վերապատրաստման կենտրոնը:

Կենտրոնի ստեղծումը նախաձեռնվել է ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքար. օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն զոհերին» ծրագրի շրջանակներում և ուղղված է օժանդակելու ՀՀ ոստիկանության ղեկավարությանն` էլ ավելի բարելավել ուսումնական գործընթացի որակը և ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ`կազմակերպված հանցավորությանը և քրեական այլ գործողություններին հակազդելու համար:

Ծրագիրը հանդիսանում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի (UNODC), ՀՀ ոստիկանության ակադեմիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունը, որն իրականացվում է Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Համակարգչային վերապատրաստման առաջին կենտրոնը, ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի փորձագետների տեխնիկական աջակցությամբ, ստեղծվել է ՀՀ դատախազների դպրոցում 2010թ. փետրվարին` Երևանի և այլ մարզերի դատախազներին, ինչպես նաև դատախազների թեկնածուներին հնարավորություն տալով ստանալ համակողմանի վերապատրաստում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացների (սկսած հավաքագրումից մինչև թրաֆիքինգի զոհերին օգնության տրամադրումը) վերաբերյալ, ինչպես նաև հասկանալ իրավապահ մարմինների միջև ազգային ու միջազգային մակարդակով համագործակցության մեխանիզմներն ու եղանակները:

Այս դրական փորձը հետաքրքրություն է առաջացրել իրավապահ այլ մարմինների շրջանում: 2010թ. հունիսին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողների համար համակարգչային վերապատրաստման կենտրոն ստեղծելու պաշտոնական խնդրանք ստացավ ՀՀ ոստիկանությունից: Քննարկումների արդյունքում և ԵԱՀԿ կողմից համակարգվող Օրենքների կիրառման աշխատանքային խմբի ու ՀՀ ոստիկանության ակադեմիայի ղեկավարության համագործակցությամբ, համաձայնություն կայացավ ստեղծել համակարգչային վերապատրաստման կենտրոն/դասարան ՀՀ ոստիկանության ակադեմիայում: Այս կենտրոնը կհանդիսանա ակադեմիայի ուսանողների ու ոստիկանության սպաների ուսումնական պլանի բաղադրիչ` ներառյալ համակարգչային վերապատրաստման համակարգի մոդուլները: ՄԱԶԾ թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագիրն աջակցել է տարածքի վերանորոգման ու կենտրոնի լիարժեք կահավորման և վերազինման հարցում:

Դիմելով բացման արարողության մասնակիցներին` պրն. Դիրք Բոբերգն ասաց. «Թրաֆիքինգը լուրջ մարտահրավեր է մարդկային զարգացման համար, և ես ուրախ եմ նշելու, որ այս խնդիրն առաջնահերթ տեղ է զբաղեցնում ՀՀ իշխանությունների օրակարգում: Իրավապահ մարմինները շատ կարևոր դեր են խաղում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում և, հետևաբար, խիստ կարևոր է բարձրացնել ազգային կառույցների կարողություններն այս երևույթի դեմ պայքարում»: Նա նաև բարձր գնահատեց ՄԱԶԾ, ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ-ի միջև գերազանց համագործակցությունը, որն ապահովեց այս նախաձեռնության հաջող մեկնարկը:

«Մեր մասնակցությունն այս նախաձեռնությանը համարում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների շարքում կատարված այն քայլերից մեկը, որն ուղղված է ՀՀ ոստիկանության կրթական հաստատություններում ներդնելու միջազգային առաջադեմ փորձը` մասնավորապես հիմնված ժամանակակից ինտերակտիվ ՏՏ տեխնոլոգիաների վրա: Այսպիսով մենք նպաստում ենք հանրապետությունում ոստիկանության ուսուցման ու կրթության ընդհանուր արդյունավետությանն ու որակի բարձրացմանը, քանի որ մենք օգնում ենք ՀՀ ոստիկանությանը բարելավելու ոստիկանության ժողովրդավարական գործելաոճը»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքար. օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն զոհերին» ծրագրի նպատակն է նպաստել ազգային կառույցների շարունակական զարգացմանը` քաղաքականության և ինստիտուցիոնալ մակարդակներում մարդկանց թրաֆիքինգին հակազդելու, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերին ուղղակի աջակցություն տրամադրելու համար: Ծրագիրը ներառում է իրավապահ մարմինների ու դատական համակարգի կարողությունների զարգացում` մարդկանց թրաֆիքինգի դեպքերը կանխելու, քննելու, դատապարտելու և վերջնական եզրահանգումներ կատարելու, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և հասարակությանը նրանց վերաինտեգրմանն աջակցելու համար:
 

07.09.2010, 17:19

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |