ARM   RUS   ENG

Է. Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը և ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Կանադայի Համայնքների պալատի անդամ Հարոլդ Ալբրեխտը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերհիշեց ՀՀ արտգործնախարարի վերջերս Օտտավա կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում հայ-կանադական հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց:

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը, տնտեսական հարաբերությունների խթանմանը, մշակութային, գիտական և կրթական փոխանակումների ակիտվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
 

07.09.2010, 20:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |