ARM   RUS   ENG

Ջերարդ. «Անգլիան Ռունիի կարիքն ունի»

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը Շվեյցարիայի ազգային թիմի հետ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հանդիպումից առաջ շեշտել է, որ Ռունին անհրաժեշտ է թիմին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի մասնակցությունը խաղին հարցականի տակ է նրա անձնական կյանքում առաջացած խնդիրների պատճառով: Այսօր, սակայն, գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հաստատել է, որ Ռունին կմտնի խաղադաշտ:

«Ռունիի հետ խաղադաշտից դուրս եղած խնդիրների մասին չենք խոսել, որովհետև, անկեղծ ասած, դա իմ գործը չէ: Սակայն Ուեյնը հիանալի հասկանում է, որ ես իր համար ոչ միայն թիմակից եմ, այլ նաև ընկեր, թեպետ ինձ թվում է, որ նա նորմալ վիճակում է: Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում 3 միավոր վաստակելու համար թիմն այն խաղի կարիքն ունի, որն Ռունին կարողանում է ցուցադրել: Երբ լավագույն մարզավիճակում է, կարող է ստեղծել պահեր, գոլեր խփել և գործնականում մենակ հաղթել:

Մենք ուզում ենք զարգացնել հաջողությունը, որին հասել ենք Բուլղարիայի ընտրանու հետ խաղում: Դրա շնորհիվ վստահորեն ենք մոտենում շվեյցարացիների հետ հանդիպմանը: Երբ հավաքվեցինք անցած շաբաթ, որոշեցինք, որ մեր նպատակը 6 միավորն է: Իհարկե, Շվեյցարիայի ընտրանու հետ խաղում կբավարարի նաև ոչ-ոքին, սակայն մենք միայն հաղթանակի ենք ձգտելու»,- Ջերարդի խոսքերը մեջբերել է «Daily Mirror»-ը:
 

07.09.2010, 18:17

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |