ARM   RUS   ENG

Մ. Մինասյան. «Նոր արձանագրություններ չեն կարող լինել»

Հայաստանը Թուրքիայի քարոզչական ջրաղացին ջուր լցնել չի պատրաստվում: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Աղթամարում սպասվելիք միջոցառմանը:

«Եկեղեցին բացվում է օծված խաչի` գմբեթին տեղադրված լինելու պարագայում, իսկ եթե խաչը չկա, ապա այն եկեղեցի կոչվել չի կարող», - ասաց նա:

Բանախոսը ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումը` պատարագին հայ հոգևորականներ չուղարկելու մասին` նշելով, որ առանց խաչի եկեղոցում որևէ արարողություն հակասում է եկեղեցական կանոնակարգին:

«Մեր քայլով աշխարհին ցույց ենք տալիս, որ կան ճշմարտություններ, որոնք պետք է ընդունվեն, իսկ կիսատ քայլերով ու կիսաճշմարտություններով ապացուցել, թե լիարժեք ժողովրդավար պետություն ես, ճիշտ չէ»,- նշեց Մ. Մինասյանն ու հավելեց, թե բացառում է պետական կառույցների մասնակցությունն այդ արարողությանը: ԱԺ պատգամավորը նշեց, որ հասկանալի է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի դիրքորոշումը` պատարագն անցկացնելու վերաբերյալ, քանի որ Թուրքիայի հայ համայնքը կարող է մեծ վտանգների ենթարկվել:

Մեկնաբանելով Երևանում օրեր առաջ գտնվող թուրք մի փորձագետի այն հայտարարությանը, թե Թուրքիայում գաղտնի բանակցություններ են ընթանում հայերի հետ` հարաբերությունների հաստատման գործընթացը վերսկսելու ուղղությամբ, Մ. Մինասյանը հայտարարեց, որ մինչև Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի ստորագրված Արձանագրությունները, Հայաստանը որևէ այլ բանակցություններ չի վարի:

«Մենք կասեցրել ենք վավերացման գործընթացը: Գնդակը թուրքական դաշտում է»,-շեշտեց նա: Մ. Մինասկանը բացառեց նաև այն, որ հայկական կողմը կարող է մասնակցել որևէ գաղտնի բանակցությունների, որոնց արդյունքում նոր Արձանագրություններ ծնունդ կառնեն: «Նոր արձանագրություններ լինել չեն կարող»,- վստահեցրեց ՀՀԿ անդամը:
 

07.09.2010, 16:17

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |