ARM   RUS   ENG

Մ. Մինասյանը դժգոհ է ՄԱԿ-ի «չինովնիկներից»

Ադրբեջանի նախաձեռնած և ՄԱԿ-ում ներկայացվելիք բանաձևը Հայաստանի համար վտանգավոր չէ, քանի որ ՄԱԿ-ի որոշումները պարտադիր բնույթ չունեն և, եթե նույնիսկ որոշումն ընդունվի, այն որևէ առարկայական հետևանք չի կարող ունենալ Հայաստանի համար: Այս տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

«Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց շատ վտանգավոր է, որ այսօրվա իրողության մեջ փորձում է դավանանքի երանգ տալ դրան»,- նշեց նա և կարծիք հայտնեց, որ քննարկումների ժամանակ բանաձևին կողմ կքվեարկեն իսլամական կոնֆերանսի մասնակից երկրների զգալի մասը:

Մ. Մինասյանը հայտնեց, որ չի կիսում այն տեսակետը, թե բանաձևը կարող է դրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քաննարկման: «Մի մոռացեք, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրները զբաղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով և այն կարծիքին են, որ ներկայիս ձևաչափը փոխելու կարիք չկա»,- ասաց Մ. Մինասյանը:

Ըստ պատգամավորի` ՄԱԿ-ն իր կառույցներով լուրջ վերակառուցման ու վերանայման կարիք ունի, քանի որ լինելով համաշխարհային խոշորագույն կառույց` պետք է իրավունք ու նաև հնարավորություն ունենա ավելի լուրջ ազդելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: «Սա նպաստում է նաև արդարամիտ որոշումներ ընդունելու վրա, իսկ գործող կանոնակարգն այդ հնարավորությունը չի ընձեռում»,- նշեց նա:

Մ. Մինասյանը չբացառեց, որ գուցե ապագայում Հայաստանն էլ նման նախաձեռնություններով հանդես գա, որոնք հրապարակավ կարտահայտեն երկրի կարծիքն ու դժգոհությունը, առավել ևս, եթե ՄԱԿ-ի կանոնակարգը մնա անփոփոխ ու դրանից օգտվելով` Ադրբեջանն ամեն անգամ փորձի ինչ-որ քայլեր անել:

«Այս դեպքում չեմ բացառում, որ Հայաստանը քայլերի կգնա, որպեսզի ՄԱԿ-ի ղեկավարությունը, չինովնիկական այն կազմը, որը կառավարում է այդ կառույցի աշխատանքը, գիտակցեն, որ կա համընդհանուր դժգոհություն գործող կանոնակարգերից»,- նշեց պատգամավորը:
 

07.09.2010, 16:57

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |