ARM   RUS   ENG

Վ. Սաֆարյան. Միտում կա, որ ՀՆԱ-ի բարձր ցուցանիշ լինի

«Չնայած, որ այս տարվա տնտեսական ցուցանիշները դեռևս չեն հավասարվում նախաճգնաժամային տարվա՝ 2008թ. ցուցանիշներին, բայց միտում կա, որ տարեվերջին ՀՆԱ-ի բարձր ցուցանիշ կունենանք»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանի տնտեսությունը կարող է նոր դրական միտումներ դրսևորել, եթե կառավարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի արդյունաբերությանը, Հայաստանից դուրս գտնվող հայկական դիվանագիտական առաքելություններին կից բացի նաև առևտրային բաժիններ, խթանի հայկական ապրանքների արտահանումը:

«Եթե ուզում ենք լավ տնտեսություն ունենալ, պետք է արտահանման և ներմուծման ծավալները հավասարակշռված լինեն, ոչ թե՝ ներմուծում-արտահանում հարաբերութունը 1:4-ի լինի»,- ասաց նա:

Ըստ բանախոսի, արտահանման ընդլայնումն ու արդյունաբերական արտադրանքի ավելացումը կարող են մեցմել նաև գնաճը: «Եթե մենք նորմալ արտահանում ապահովենք, կնշանակի՝ մենք գործազրկության հարցն էլ կլուծենք և կկարողանանք գնաճը զսպել»,- ասաց բանախոսը, նշելով, որ Հայաստանի տնտեսության ներմուծումից կախվածության պատճառով է, որ միջազգային շուկայում տեղի ունեցող գնային տատանումները հաճախակի հանգեցնում են թանկացումների:

«Եթե դրսում ցորենի գինը բարձրանում է, բնականաբար, ցորեն ներմուծողները պիտի թանկացնեն, բայց մեզանում հաճախ ասում են, թե դեռ դրսում գները չբարձրացած՝ այստեղ բարձրացվում են։ Երբ խոսում ես ներմուծողների հետ, նրանք ասում են, թե պետք է պահեստում եղածը թանկ վաճառեն, որ գումար ունենան և կարողանան թանկ գնով դրսից գնել այդ նույն ապրանքը։ Գուցե և արդարացված չէ: Այս դեպքում կարող է վարկ վերցնել, և պարտավոր է պահեստում եղած ապրանքը նույն գնով վաճառել, բայց նրանք չեն ուզում լրացուցիչ բեռ վերցնել իրենց վրա», - պարզաբանեց Վ.Սաֆարյանը։
 

07.09.2010, 15:09

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |