ARM   RUS   ENG

ՀՀ գլխավոր դատախազություն. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մալիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրենի եւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրենի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ` «Մալիկա» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Ա. Ասատրյանը միաժամանակ հանդիսացել է նաեւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերության փաստացի տնօրենը: «Մալիկա» ՍՊ ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն օրենքով սահմանված կարգով իրացնելու եւ դրանից առաջացած հարկերը պետբյուջե վճարելու փոխարեն նա 2007թ. հուվարի 3-ին մեկ հաշիվ-ապրանքագրով նշված ՍՊ ընկերության 332.851.700 դրամի ապրանքային մնացորդը վաճառել է «Մոկոնաթ» ՍՊ ընկերությանը: Իսկ «Մալիկա» ՍՊ ընկերության համար առաջացած 65.303.100 դրամ հարկային պարտավորությունը պետական բյուջե չվճարելու նպատակով կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ: Մասնավորապես` արհեստականորեն ավելացնելով «Մալիկա» ՍՊ ընկերության պարտքը, ընկերության փոխտնօրենի հետ նախնական համաձայնության գալով` 2006թ. դեկտեմբերի 31-ի ամսաթվով կազմել է կեղծ փաստաթուղթ` իբր «Մալիկա» ՍՊ ընկերությունը իրեն` տնօրեն Ա. Ասատրյանին, պարտք է 20.644.090 դրամ, ճիշտ այնքան, որքան իբր Ա. Ասատրյանը պարտք է եղել իր ընկերոջը` Դ. Անանյանին:

Այնուհետեւ կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծումը քողարկելու, պարտատիրոջը` պետությանը, պարտքը չվճարելու նպատակով Ա. Ասատրյանը, Դ. Անանյանի հետ նախնական համաձայնության գալով, 2007թ. հուվարի 4-ի ամսաթվով կազմել է պահանջի իրավունքը զիջելու կեղծ պայմանագիր` նրան իր ունեցած 20 644 090 դրամ պարտքը «Մալիկա» ՍՊ ընկերությանը փոխանցելու վերաբերյալ (ցեսիա): Հետագայում ակնհայտ կեղծ փաստաթղթերն օգտագործելով` 2007թ. մարտի 6-ին դիմել են ՀՀ տնտեսական դատարան` «Մալիկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու խնդրանքով: ՀՀ տնտեսական դատարանի` 2007թ. մարտի 22-ի դատավճռով հիշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Արդյունքում` պարտատիրոջը` պետությանը, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ` «Մալիկա» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչը, սնանկության գործընթացի ընթացքում ունենալով ընկերության հաշվապահական փաստաթղթերի կորստի վերաբերյալ հակասական տեղեկություններ, պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություններում չի անդրադարձել սնանկության պատճառներին, կանխամտածված սնանկության հատկանիշներին:

Ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ եւ 325-րդ հոդվածների 2-րդ մասերի, 38-193-րդ եւ 193-րդ հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:
 

08.09.2010, 12:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |