ARM   RUS   ENG

Ադրբեջանը պատասխանատու է 5 հայ զինվորների մահվան համար

Ադրբեջանի վերջին դիվերսիաները պայմանավորված չեն Հայաստանի բանակի կյանքում վերջին շրջանում առկա աղմկահարույց միջադեպերով, գտնում է ՀՀՇ անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց, որ որևէ կապ դրանց միջև չի տեսնում:

«Ես կապ չեմ կարող տեսնել: Ադրբեջանը հարյուրավոր անգամներ խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը այն պահին, երբ վստահ լինի, որ կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով, կդիմի այդ քայլին: Այդ սադրանքները շատ այլ նպատակներ են հետապնդում, տարբեր` թե ներքին, թե արտաքին օգտագործման: Անընդունելի են անշուշտ և շատ դեպքերում պետք է, որ ստանան անհրաժեշտ հակահարվածներ», - ասաց բանախոսը:

Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և եվրոպական այլ կատույցների ներկայացուցիչների հայտատարություններին, նախկին արտգործնախարարը նշեց, որ հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողություններից հետո այդ արձագանքը համարժեք չէ հրադադարի ռեժիմի խախտումներին:

«Չայլուի դեպքից հետո հայտարարություններն անընդունելի են, որովհետև փորձ է արվում հավասար մեղքի բաժին հասցնել երկու կողմերին, այն դեպքում, որ արձանագրված փաստ էր, որ Ադրբեջանի բանակի կողմից հատուկ դիվերսիոն գործողություն է իրականացվել»,- շեշտեց նա և հավելեց, որ հունիսի 18-ին հայկական կողմից 5 զոհերի և շարունակվող ադրբեջանական սադրանքների վերաբերյալ «ցավ հայտնելը» ոչ ադեկվատ է:

«Դա ոչ ադեկվատ է ոչ միայն ԵԱՀԿ-ի համանախագահների համար, այլ նաև շատ տարբեր ատյանների և պաշտոնյանների կողմից, որոնք պետք է կոշտ արձագանքեին»,- ասաց նա, ըդգծելով, որ համապատասխան արձագանքը նաև բարոյական խնդիր ունի:

«Սա իրենց հայրենիքի համար ծառայող 5 հայ երիտասարդների մահ է, և այդ դիակների պատասխանատուն ադրբեջանական կողմն է: Եվ դրան դատապարտող արձագանք չտալն անընդունելի է»,- ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը:
 

10.09.2010, 15:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |