ARM   RUS   ENG

«Սա մեր հարևան երկրի արտաքին քաղաքականության ֆիասկոն է»

«Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, իսկ Ադրբեջանի այս քայլը` խնդիրը ՄԱԿ-ի ԳԱ տեղափոխելու փորձը, բնականաբար, պետք է ստանար հայկական ղեկավարության կոշտ պատասխանը: Սա մեր հարևան երկրի արտաքին քաղաքականության ֆիասկոն է ու վերջին 2.5 տարում ՀՀ նախագահի վարած ճկուն ու նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Ադրբեջանը 2008-ից հետո արդեն երկրորդ անգամ է որոշում այս խնդիրը տեղափոխել ՄԱԿ-ի ԳԱ, և բնական համարեց այն, որ Հայաստանի ղեկավարության` մասնավորապես ՀՀ նախագահի կողմից, ստանում է կոշտ պատասխան: Բանախոսը հիշեցրեց, որ ԼՂՀ-ում երկրի ղեկավարը հստակ ասել էր, թե նման բանաձևերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ խնդրի լուծման վրա, իսկ Ադրբեջանի կոպիտ սխալին կհետևի հայկական կողմի պատասխանը:

Շարմազանովն ընդգծեց, որ եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, ղարաբաղյան կարգավորման հարցը տեղափոխեր ԳԱ, ապա գործնականորեն դուրս կգար խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններից` լուրջ խնդիրներ ունենալով միջազգային հանրության հետ:

«Հայկական դիվանագիտությունը` նախագահի գլխավորությամբ, հասավ նրան, որ Հայաստանի հետ հաշվի նստեցին, և ևս մեկ անգամ մենք կարող ենք փաստել, որ ՀՀ-ն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ 3 պետություններները գտնում են, որ ԼՂՀ խնդրի խաղաղ բանակցություններն այլընտրանք չոււնեն և պետք է տարվեն միայն Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում»,- ասաց Է. Շարմազանովը:

Ըստ հանրապետական պատգամավորի` այսպիսով Հայաստանը կատարեց իր հստակ գործն ու հասկացրեց միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահներին` մենք չենք ողջունում, որ Ադրբեջանը խախտում է խաղի կանոններն ու հարցի քննարկումը տեղափոխում ՄԱԿ:
 

10.09.2010, 17:19

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |