ARM   RUS   ENG

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը` Երևանում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 11-ին կբացվի արվեստագետ Յարոսլավա Բրիխտովայի ներկայությամբ «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը:

«Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ վկայում է է հանրաճանաչ չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հոգևոր կապի մասին, և Գաֆէսճեան արվեստի կենտրոը հպարտ է, որ հնարավորություն ունի ներկայացնել այդ զույգի զարմանալի ստեղծագործությունները հայ հանդիսատեսին», - Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մամլո պատասխանատուի փոխանցմամբ` ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

1988 թվականին բնության ավերիչ ուժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները` փլատակ դարձնելով քաղաքներ և գյուղեր: Լիբենսկի Բրիխտովա զույգի «Քաղաքի ուրվագծերը» քանդակները արվեստագետների արձագանքն են այդ արհավիրքին, որը հազարավոր կյանքեր խլեց: Քանդակները պատկերում են մարդկային տառապանքի ողբերգությունը:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսով ակնառու երևում է չեխ արվեստագետ զույգի ստեղծագործական մտքի անսահմանությունը և նրանց կողմից ապակու կերպափոխումը իրականության ներդաշնակ տարածությունների: Ստանիսլավ Լիբենսկին (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովան (ծնվ. 1924) վերաիմաստավորեցին ապակու կիրառումը` ստեղծագործական նոր հորիզոններ բացահայտելով վերջինիս` որպես գեղարվեստական արտահայտչամիջոցի համար:

«Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի այս յուրահատուկ գործերը ոչ միայն կազմում են Գաֆէսճեան հավաքածուի հիմքը, այլև հանդիսանում են Գաֆէսճեան ժառանգության կողմից Հայաստանի համար նախատեսված կարևորագույն արժեքներ», - ասել է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հոգաբարձու Օթո Թոյերը:

«Այս գործերն առաջին հերթին յուրահատուկ են իբրև էսթետիկական և տեխնիկական նվաճում` ոչ միայն իրական կիրառում տալով ապակուն իբրև գեղարվեստական արտահայտչամիջոցի այլև պարունակելով անսահման ներուժ մարդկային ինքնարտահայտման համար», - նշել է նա:

Նշենք, որ «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» զույգի երկրոդ ցուցադրությունն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Առաջին ցուցահանդեսը, «Լիբենսկի Բրիխտովա Հայաստանի համար» բացվեց 2009թ. նոյեմբերին: «Հայաստանի համար» ցուցադրությունը Լիբենսկի Բրիխտովայի աշխատանքների քանդակագործական ուժի և վերացական հզորության վառ օրինակն է:

Երկու ցուցադրություններն էլ ընդամենը մի քանի դրվագ են ներկայացնում ամբողջ Գաֆէսճեան հավաքածուից, որում տեղ են գտել հանրահայտ զույգի հարյուրից ավելի գործեր:

«Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը կգործի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում : Բացման օրը սրահի մուտքը կլինի անվճար : Քանդակագործ Բրիխտովան անձամբ ներկա կգտնվի սրահում 12:00 - 13 :00 ժամանակահատվածում :
 

10.09.2010, 15:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |