ARM   RUS   ENG

Տ. Սարգսյանը` գյուղատնտեսության նոր գործընթացների մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված տնտեսական անկումների: Ըստ կառավարության ղեկավարի` 2010-ի առաջին 7 ամիսների ընթացքում գյուղատնտեսությունում իրավիճակը բարվոք չէ, քանի որ բնակլիմայական պայմաններն այս տարի այնպիսի տատանումներ տվեցին, որ լուրջ կորուստներ են եղել պտուղ-բանջարեղենի արտադրության ոլորտում։

«Գյուղատնտեսության անկումն ահռելի էր և ընդհանուր մեր մակրոտնտեսական բոլոր ցուցնիշները գյուղատնտեսության պատճառով, ցավոք սրտի, վատացան։ Շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինեն բնակլիմայական պայմաններն աշնանացանի, գարնանացանի ժամանակ, բայց որ մենք լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում` ակնհայտ է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նա նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հաստատվել է սերմնաբուծության ծրագիր: «Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ում լուրջ սահմանափակումներ են հիմա կիրառվում ցորենի սերմի արտահանման առումով, մոտակա շաբաթվա ընթացքում մենք կներմուծենք 1000 տոննա բարձր որակի սերմ։ Ըստ մարզերի ընտրել ենք այն ընկերություններին, որոնք ի վիճակի են սերմնաբուծությամբ զբաղվել։ Մոտակա 5 տարիների ընթացքում նպատակ ունենք հասնել այնպիսի աստիճանի, որ մենք կարողանանք տեղում շուրջ 30 հազար տոննա էլիտար սորտերի սերմ արտադրել։ Տասնյակ մասնավոր սերմնաբուծական ֆերմաներ կապվելու են այդ ծրագրին և մենք հույս ունենք, որ 5 տարվա ընթացքում սերմի հարցն ամբողջությամբ կլուծենք։ Դա մոտավորապես 15-20 տոկոսով կբարձրացնի արտադրողականությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Ըստ վարչապետի` տեղական գիտահետազոտական պոտենցիալն օգտագործելով` հաստատվել է նաև նաև օրգանիկ պարարտանյութերի արտադրության ծրագիր։ «Այս ոլորտում պիլոտային ծրագրեր ենք իրականացրել բոլոր մարզերում, ստացել դրական արդյունքներ։ Այս ծրագրի արդյունքում մեր կախվածությունը ներմուծվող պարարտանյութից նվազելու է։ Բացի այդ, հայկական պարարտանյութը երկու անգամ ավելի էժան է լինելու` ներմուծվող պարարտանյութի համեմատ»,-ասել է վարչապետը:

Տ. Սարգսյանը հայտնել է, որ իրականացվում է նաև անասնագլխաքանակն ավելացնելու մշտական գործընթաց։ «Արտասահմանից ներմուծվում են երինջներ, ինչի նպատակը արտադրողականության բարձրացումն է։ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծել ենք տարածաշրջանային կենտրոններ, որոնք գյուղացիների հետ խորհրդակցություններ են անցկացնում։ Հանրապետության ոռոգման և խմելու ջրի համակարգերը ևս բարելավվում են»,-ասել է նա:

Վարչապետը նշել է, որ գուղատնտեսական ռեֆորմների ծրագիրն առաջին անգամ դրվել է նաև հանրային քննարկման, լրամշակվել Հանրային խորհրդի կողմից։ Հաստատվել է նաև գյուղատնետսությունը տեխնիկայով համալրելու ծրագիր։ «Այս հայցեկարգը նպատակ ունի նպաստելու գյուղական տնտեսությունների խոշորացմանը, ավելացնելու գյուղատնտեսության արդյունավետությունը։ Հատկանշական է, որ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը կապում ենք գյուղերի զարգացման հետ, քանի որ գյուղերի համալիր զարգացումը, գյուղական վայրարերում բազմատիպի աշխատատեղերի ստեղծումը չափազանց կարևոր է ՀՀ-ի տարածքների համաչափ զարգացման համար»,-նշել է ՀՀ վարչապետը:
 

10.09.2010, 17:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |