22/09/2010 12:39
Դ. Հարությունյան. «Դեռևս չունենք կայացած արբիտրաժային ինտիտուտներ
«Արբիտրաժային ինստիտուտի կայացման համար կոնկրետ գործողություններ են պետք, որոնք, կարծես թե, արդեն հայտնի են: Կան երկրներ, որոնց հաջողվեց կայացնել արբիտրաժային ինստիտուտը և կան երկրներ, որոնք մնացին տեսական մակարդակի վրա: Մենք դեռ տեսական կամ խոսակցությունների մակարդակի վրա ենք` ունենալով համապատասխան դաշտ, մենք դեռևս չունենք կայացած արբիտրաժային ինտիտուտներ»,- այսօր «Առևտրային արբիտրաժային ծառայությունների զարգացումը Հայաստանում» թեմայով հատուկ աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նա կարևորեց նման սեմինարների անցկացումը, քանի որ դրանք թույլ են տալիս տեսնելու ինստիտուտի զարգացումները և մասնագետների լայն շրջանակներում տարածելու գաղափարները:
Դ. Հարությունյանի խոսքով, արբիտրաժային ինստիտուտի զարգացումները մեծապես կախված են նաև դատական ինստիտուտի զարգացված լինելուց, և եթե դատական ինստիտուտը երկրում դեռևս պատշաճ մակարդակի չէ, երբևէ հնարավոր չէ ակնկալել պատշաճ զարգացվածության արբիտրաժային ինստիտուտներ: Պատգամավորը նշեց, որ բավական լուրջ և ծանր աշխատանք է հարկավոր իրականացնել, որի արդյունքում կստեղծվի ինստիտուտը:
«Դեռևս հասարակությունը չի զգում դա պահանջարկված, թեև պահանջարկը իրականում շատ մեծ է: Պետք է տեսնել, թե ինչպես է աշխատում ինստիտուտը: Եթե դեռևս չի աշխատել այդ ինստիտուտը Հայաստանում, դժվար է ակնկալել, որ հասարակությունը կարթնանա և կզգա, թե դրա կարևորությունն ինչումն է»,- ասաց Դ. Հարությունյանը:
Aysor-ի հարցին, թե ինչպե՞ս է պատգամավորը գնահատում ՀՀ Առևտրարդյունաբերական պալատին կից Արբիտրաժային դատարանի գործունեությունը, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Որպես քայլ` շատ դրական: Եվ քայլերը, որ կատարվում են ահրաժեշտ են, բայց արդյունքը դեռևս ակնհայտ չէ հասարակության համար, և դա հիմնական թերությունն է»:
Նշենք, որ Հայաստանում արբիտրաժային դատարանի մասին օրենքն ընդունվել է 2007 թ-ին: ՀՀ-ն 1998 թ-ին վավերացրել է 1958 թ-ին Նյու-Յորքում ընդունված Արբիտրաժային դատարանների վճիռների կատարման և փոխընդունելիության մասին կոնվենցիան, ըստ որի մի երկրի արբիտրաժի կայացրած վճիռները գործում են նաև մյուս երկրներում: Կոնվենցիան վավերացրել են ընդհանուր առմամբ ավելի քան 140 երկրներ: