29/09/2010 16:48
Աննախադեպ ցուցադրություն` Վ. Բրյուսովի անվան թանգարանում
Սեպտեմբերի 30-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75-ամյակի շրջանակներում տեղի է ունենալու Բրյուսովի գիտական կենտրոնի և Բրյուսովի անվան թանգարանի բացումը:
Նշենք, որ այս տարի լրանում է համալսարանի հիմնադրման 75-ամյակը, և բուհը նախաձեռնել է միջոցառումների շարք` նվիրված հոբելյանին:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց ԵՊԼՀ-ի հանրային կապերի բաժնի համակարգող Անահիտ Պարզյանը, բուհում կար Բրյուսովին նվիրված թանգարան, սակայն նոր մասանշենքում նոր թանգարանի համար տարածք է նախատեսվել: Նորաբաց թանգարանում ցուցադրվում են Վ. Բրյուսովին պատկանող որոշ անձնական իրեր, գրքեր, թարգմանություններ, հուշանվերներ և այլն:
«Ցուցադրվելու են ավելի հին նմուշներ, որոնք մինչ այդ պահվում էին արխիվում, քանի որ այդ նյութերը հատուկ պահպանման կարիք ունեին»,- շեշտեց Անահիտ Պարզյանը:
Աղբյուրը նշեց նաև, որ թանգարանում սպասվում է հետաքաքիր և աննախադեպ ցուցադրություն. ցուցադրվելու են Վ. Բրյուսովի կենդանության օրոք տպագրված բոլոր հրատարակությունները, որոնք թանգարանին փոխանցել է Բրյուսովի ընտանիքը: Ընտանիքը նաև թանգարանին է հանձնել տարբեր նկարիչների հեղինակային նկարները, որոնք կախված են եղել նրա տանը:
Թանգարանի մաս է կազմելու Վ. Բրյուսովի` մահվան մահճում հայ ակադեմիկ Մերկուրովի ձեռքով արված դեմքի և ձեռքի գիպսե պատճենը, ինչպես նաև ներկայացվելու է «Весы» ամսագրի ամբողջական հավաքածուն, որը դարձյալ եզակի պահպանված արժեք է, ինչպես նաև` հայերեն գրքեր` հեղինակների մակարգությամբ: